Եվ դո՞ւ, Բրուտո՛ս. Արմենիա TV-ն էլ անցավ հնդկական սերիալների ցուցադրությանը


16:56 , 28 նոյեմբեր, 2016

Հիշո՞ւմ եք, մի ժամանակ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խումբ կար, որտեղ Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերը քննարկում էին մեր եթերի անորակ արտադրանքը, փորձում էին լուծումներ գտնել: Ափսոս, հիմա այդ խումբը չկա, կամ չգիտեմ, երևի ակտիվ չէ, թե չէ քննարկման թեմաների պակաս չէր լինի:

Հիմա էլ նոր տենդենց է հայկական TV-ներում. մեր սեփական արտադրած աղբը, ողբը, լացը ու դերասանների անտաղանդ խաղը քիչ էր, մեկը մյուսի հետևից սկսեցին հնդկական սերիալներ ցուցադրել: Արմենիա TV-ից ամենաքիչն էի սպասում նման էժան քայլ: Դուք ունեք բարձր ռեյթինգ, մակարդակով քաղաքական ու սոցիալական թեմատիկայով հաղորդումներ ու դրանց կողքին ցուցադրելու եք հնդկական անմակարդակ սերիալները: Այնպես էլ րոպեն մեկ եթերով մեզ «բարի լուր» եք ասում՝ «հնդկական հեռուստասերիալների գլուխգործոցը ներխուժում է հայկական հեռուստաեթեր, հնդկական լավագույն և բարձրորակ հեռուստասերիալը միմիայն Արմնենիա TV-ի հեռուստադիտողների համար»: Ի՞նչ անենք, հիմա էլ սկսելու են երեխաների անունները Իչակի, Ռաջ, Ջիմմի, Զիտա ու Տապասիա դնել… ու  իշալլահ-ի փոխարեն «Ռամը մեզ օգնական» ասեն:

Էս ո՞ւր ենք գլորվում, ուշքի եկեք: Գլխիս մեջ չի տեղավորվում, միաժամանակ և՛ հայկական պատմական սերիալ եք ցուցադրում, և՛ նման ցածրորակ սերիալ…