Ներե՞լ, թե՞ վրեժխնդիր լինել


22:39 , 26 փետրվար, 2013

Կյանքում մենք միշտ ընտրության առաջ ենք կանգնում, երբ մեզ որևէ մեկը ցավ է պատճառում: Եվ արդյունքում մենք՝ մարդիկս, ընտրում ենք այն ուղին, որը քիչ թե շատ կհանգստացնի մեր վիրավորված սիրտը, խախտված անդորրը, ապականված պատիվը, այսինքն՝ հիասթափությունը: Հիասթափություն, որը չհաղթահարելը հավասար է ինքնակործանման: Հիասթափություն, որից խուսափել անհնար է, այն կարող է լինել ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան: Հիասթափություն, ինչը թևաթափ է անում բոլորին և մարում վերջին հույսը երջանկության: Հիասթափություն մեզ կարող է պատճառել միայն այն էակը, որին սիրում ենք, վստահում ենք, հավատում, որի հետ կապված են մեր բոլոր երազանքները: Եվ այդժամ մեր հիասթափված հոգիները փորձում են խաղաղություն գտնել: Խաղաղության ուղին մեզ կանգնեցնում է առաջին հայացքից հեշտ թվացող, բայց իրականում բարդ խնդրի առաջ. ներե՞լ, թե՞ վրեժխնդիր լինել: Ցավոք, մարդկանց մեծամասնությունը ընտրում է վրեժխնդրությունը և ցանկանում է իրեն հիասթափեցնողին էլ ավելի մեծ ցավ պատճառել: Ցանկանում է հաղթել՝ չհասկանալով հանդերձ, որ վրեժխնդրությունը վերջնական պարտությունն է: Ինչո՞ւ եմ ասում պարտություն, քանի որ այն էակը, որից փորձում ենք վրեժխնդիր լինել, դեռ թանկ է մեզ համար և նրան ցավ պատճառել նշանակում է ինքներս մեզ կրկնակի ցավեցնել: Պարտություն է նաև այն պատճառով, որ միայն թույլ մարդիկ են ընտրում այդ ուղին: Նրանք երես են թեքում կյանքից՝ ուժ չունենալով պայքարել, նախ իրենց ապա կյանքի դեմ: Եթե ցանկանում ես փոխել աշխարհը, ուրեմն պետք է ինքդ քեզ փոխես, իսկ քեզ փոխելու համար անհրաժեշտ է ներել… Կարողանալ ներել, նշանակում է հաղթել: Հաղթել, քանի որ ուժեղ է, քանի որ հպարտ է: Ու այդ հզորությունն է ստիպում նրան կռվել ինքն իր դեմ այնպես, ինչպես երեխան է կռվում իր ստվերի հետ… Ու այս կռվի դաշտում հաղթում է երեխան, որովհետև երբ արևը մայր է մտնում, շողքը անհետանում է, իսկ առավոտյան երբ շողքը կրկին սկսում է հետապնդել երեխային, նա համակերպվում է դրա հետ ու էլ նշանակություն չի տալիս ստվերին: Աստված ասել է՝ ներիր, որ ներվես, ներիր, որ խաղաղվես, եթե ատես, կատեն, եթե անարգես, կանարգվես... Իսկ հիմա որոշեք, թե ձեզ որ ուղին կհանգստացնի...