Պատմության բախտը բերել է իր շատ-շատ քաղաքացիների մասով


11:49 , 18 նոյեմբեր, 2016

Related imageՊատմության բախտը բերել է իր շատ-շատ քաղաքացիների մասով

Երեկ հերթական գերծանրաբեռնված օրն էր: Արդեն չեմ էլ հիշում, թե հանրային տրանսպորտով ուր եմ գնում: Մեր հին, ավանդական գազելներից էր՝ կիսամաքուր, տեխնիկապես անսարք, անհարմար: Մեքենան կիսադատարկ էր, ես էլ վարորդի ետևում էի նստած: Կանգառներից մեկում երկու երիտասարդ նստեցին դիմացը: Հավանաբար նախաբանակային տարիքի էին: Նստեցին ու սկսեցին ակտիվ ինչ-որ բաներ քննարկել: Սկզբում ուշադրություն չէի դարձնում: Սակայն, երբ սկսեցին բանակային ծառայությունից խոսել, սկսեցի ականջի «պոչով» լսել: Ու դա շատ հետաքրքիր խոսակցություն դուրս եկավ:

Պարզ դարձավ, որ առաջիկայում գնալու են բանակ: Քննարկում են, թե երբ է ավելի լավ գնալ ծառայության՝ ձմռանը, թե՞ ամռանը, երբ է տեխնիկապես ավելի հեշտ, և ամենակարևորը՝ ո՞ւր կուզենային գնալ ծառայելու:

Տղաներից մեկն ասում է. «Թե բա ընգերս ծառայըմ ա, ասում ա ամբողջ օրը չաստում հանգիստ նստած ենք, բան չկա անելու, խախանդ ա»:
Մյուսը հակադարձում ա. «Ու՞մ ա պետք էդ կարգի ծառայությունը: Ես կուզենամ գնամ առաջին գիծ: Բա հո չեմ լռվելու հետևներում: Համ էլ առաջին գիծ գիտես՝ ընչի համար ես ծառայում»: Ընկերը պատասխանում ա. «Հաստատ: Ասում են ձև կա, դիմում ես գրում վայենկամատ, որ քեզ հենց տանեն սահման: Ախպեր, ես տենամ՝ ոնց եմ անում, պտի դիմումս գրեմ, գնամ»:

Այդ պահին աչքս ընկավ վարորդի հայելուն, տեսա նրա ժպիտը, հասկացա, որ ինքն էլ ուշադիր հետևում էր խոսակցությանը:
Տղաներից մեկն ասաց, որ վարորդը կանգնի կանգառում, ու 200 դրամանոցը մեկնեց նրան: Վարորդը մի տեսակ նայեց տղային ու ասեց. «Ես ձեր նման ապագա զինվոր լավ տղերքից փող չեմ վերցնում»: Չնայած տղաները փորձեցին ստիպել, որ գումարը վերցնի, բայց դե նա անդրդվելի մնաց:

Մի տեսակ ինձ շատ լավ զգացի թե՛ տղերքի, թե՛ վարորդի համար ու մտքումս ասեցի, որ մեր պետության բախտը իրոք բերել է, որ նման մարդիկ են ապրում էս մեր երկրում...