Սուբսիդավորման կարմիր գիծը


17:47 , 11 նոյեմբեր, 2016

Картинки по запросу ԿառավարությունՀայաստանում գյուղատնտեսական ոլորտը համարվում է գերակա ճյուղ: Նախորդ տարիներին տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված ցուցանիշներից երևում է, որ գյուղատնտեսությունում արձանագրվել են համեմատաբար բարձր թվեր: Պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր, սակայն ժամանակ առ ժամանակ կարիք է լինում վերանայելու իրականացվող քաղաքականությունն ու բացահայտել նոր խնդիրներ:

Կախված ներքին կամ արտաքին շուկաներում տեղի ունեցող զարգացումներից՝ բացառելի չէ, որ նախկինում ներդրած մեխանիզմները կարող են լինել ոչ արդյունավետ: Պետությունն այս պարագայում որոշակի միջամտությամբ կարող է իրավիճակ փոխել: Նախկինում գյուղատնտեսության ոլորտում իրականացվել են սուբսիդավորման ծրագրեր: Այսօր, սակայն, ստեղծվել է իրավիճակ, երբ պետությունը վերանայում է իրականացվող քաղաքականությունը: Ու՞մ և ինչպե՞ս պետք է սուբսիդավորի պետությունը, կա՞ հնարավորություն արդյոք գյուղոլորտի բոլոր կազմակերպություններին ֆինանսավորելու համար: Այսօր գործադիրի ղեկավարը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ: Վարչապետի ելույթից պարզ է դառնում, որ գազի գինն արտոնյալ վիճակում լինելու է վերամշակող ձեռնարկությունների համար այնքան ժամանակ, մինչև իրենք ոտքի կանգնեն՝ անկախ նրանից, թե պետությունն ինչ կարողություններ կունենա: Սա նուրբ թեմա է, քանի որ սրանով պետությունը փաստացի ծանր վիճակում է դնում նաև գազի մատակարարին:

Կառավարությունն այսօր քննարկում է, թե ինչով կարող է օգնել արտադրողին, որ տվյալ կազմակերպությունը լինի մրցունակ: Մշտապես օգնելու պարագայում դաշտը փակվում է մրցակցությունից: Պետությունը չի կարող մի կազմակերպության մշտապես օգնել, որպեսզի վերջինս մնա մրցունակ: Կարապետյանը նշել է, որ ստեղծվելու է հիմնադրամ, որի հիմնական նպատակն է լինելու բիզնեսին աջակցելը, բայց որպեսզի բիզնեսը փող աշխատի «մենք սուբսիդավորելու ենք այն կառույցին ու այն տնտեսությանը, որը շանս ունի մի օր ոտքի կանգնելու, և սուբսիդավորում չուզի»:
Սա կարևոր միտում է: Եթե մի փոքր հետ նայենք, ապա կարող ենք փաստել, որ նոր գործադիր իշխանության նպատակներից մեկը բիզնեսը ոտքի կանգնեցնելն ու քայլել սովորեցնելն է: Պետությունը չի կարող ստանձնել բիզնեսի կառավարչի դերն ու նրա փոխարեն իրականացնել արտադրություն, սակայն կարող է այս կամ այն ոլորտի բիզնեսմեններին օգնել ու թույլ չտալ խանգարել, մինչև վերջիններս կդառնան բավականաչափ մրցունակ: