Հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ․ Յուրա Մովսիսյանը նորից չի հրավիրվել


17:43 , 3 նոյեմբեր, 2016
Картинки по запросу ռուբեն հայրապետյանՏեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամլո ասուլիսը, որտեղ վերջինս ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին։ Մեր թիմի նոր գլխավոր մարզիչը լինելու է հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը, ով մարզում էր շվեյցարական Ցյուրիխի երիտասարդական թիմը։ Արթուրին ներկայացնելու կարիք չկա, քանի որ նրան հայ ֆուտբոլասերները լավ են ճանաչում։ Հարգված ու սիրված ֆուտբոլիստ է եղել, ու նրան պետք է հաջողություն մաղթել ազգային հավաքականում։ Ինչ մնում է կազմի ընտրությանը, ապա այն որոշակի փոփոխության ենթարկվել է, մասնավորապես նորից հավաքական է հրավիրվել Արթուր Սարկիսովը, Գևորգ Ղազարյանը ու մի քանի նորեկներ։ Վնասվածք է ստացել Արազ Օզբիլիսը, ով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշում», ինչպես նաև նորից բացակայելու է Յուրա Մովսիսյանը։ Վերջինիս հարցը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում, և թեպետ Հայրապետյանը բազմիցս անդրադարձել է դրան, ամեն դեպքում լրագրողները նորից բարձրացրին Մովսիսյանի թեման։ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Յուրան խախտել է կանոնակարգն, ու քիչ էր մնում՝ մարզումներին մեքենայով դաշտ մտնի։
 
Դե ինչ, ենթադրենք՝ Հայրապետյանը ճիշտ է։ Սակայն նա երբեմն մոռանում է, որ ֆուտբոլիստները նույնպես մարդ են, սխալվելու իրավունք ունեն, և եթե Մովսիսյանն իսկապես այդպես է պահել իրեն, ապա արժեր նախ այդ հարցը քննարկել, դարձնել հանրային քննարկման առարկա, նկատողություն տրվեր ֆուտբոլիստին, ով իր հերթին կսթափվեր ու կփորձեր ուղղել սխալը։ Նշենք, որ, առհասարակ, դեպքերի վերաբերյալ հանրությանը հայտնի է միայն ֆեդերացիայի և անձամբ Հայրապետյանի կարծիքը, քանի որ Յուրա Մովսիսյանը այս մասին համառորեն չի ուզում խոսել։ Ի վերջո, մենք չունենք ֆուտբոլիստների այնպիսի մեծ ցանկ, որը հնարավորություն կտար ընտրություն կատարելու լավի կամ ավելի լավի միջև։ Պետք է լինենք անկեղծ և խոստովանենք, որ Յուրա Մովսիսյանի պես հարձակվող մենք այսօր չունենք։ Առջևի գծում ո՛չ Գեղամ Կադիմյանը, ո՛չ էլ Դավիթ Արշակյանը ի զորու չեն լրացնելու այդ բացը, իսկ եթե հաշվի առնենք, որ հավաքականից այս անգամ բացակայելու է նաև Արազ Օզբիլիսը, ով վնասվածք է ստացել մարզման ժամանակ, ապա կարող ենք միանշանակ ասել, որ Յուրայի պակասը անխոս զգացվելու է։
 
Ինչ մնում է հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին, ապա նրա ապագան Մանչեսթերում շարունակում է մնալ անորոշ։ Մխիթարյանը չի ընդգրկվում Ժոզե Մոուրինյոյի հրապարակած հայտացուցակում ու, ցավոք, խաղային պրակտիկայի մեծ պակաս ունի։ Ամեն դեպքում Հենրիխը հրավիրվել է հավաքական և կմասնակցի Չեռնոգորիայի դեմ նոյեմբերի 11-ին կայանալիք խաղին։ Հուսանք՝ այսօր տաղանդավոր ֆուտբոլիստը կմասնակցի իր թիմի խաղին։ Հիշեցնենք, որ Յունայթեդն այսօր Եվրոպայի լիգայի շրջանակներում Ստամբուլում մրցում է Ֆեներբախչեի դեմ։ Դե իսկ Արթուր Պետրոսյանին ևս մեկ անգամ մաղթում ենք արդյունավետ ու բեղուն աշխատանք։ Հուսանք, որ մեր հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը նույնքան հաջողակ կլինի նաև մարզչական գործում։