Լեհաստանի ՊՆ-ը մտահոգություն է հայտնել Բալթիկայում ՌԴ Սևծովյան նավատորմի նավերի հայտնվելու համար


07:56 , 27 հոկտեմբեր, 2016

Image resultՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը մտահոգություն է հայտնել Բալթիկ ծովում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի երկու փոքր հրթիռակիր նավերի հայտնվելու կապակցությամբ։

Խոսքը «Սերպուխով» և «Զելյոնի Դոլ» նավերի մասին է։ Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Բալթիկ ծովում այդ նավերի հայտնվելը փոխում է ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում։

Ընդգծվում է, որ այդ նավերը օգոստոսի 19-ին «Կալիբր» տիպի հրթիռներով հարվածել են Սիրիայում գործող «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Հարվածը հասցվել էր Միջերկրական ծովի արևելյան հատվածից։