Մենք ամերիկյան ռազմաբազաներից կձերբազատվենք մոտակա երկու տարում. Ֆիլիպինների նախագահ


03:12 , 27 հոկտեմբեր, 2016

Image result for duterte handsԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հաստատել է, որ մտադիր է առաջիկա երկու տարվա ընթացքում ձերբազատվել ամերիկյան հինգ ռազմաբազաներից, որոնք երկրում տեղակայվել են իր նախորդ Ակինո Բենիգնոյի նախագահության ժամանակ։

Ֆիիպինների նախագահն այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 26-ին՝ Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցությունների ժամանակ։ Դուտերտեն ու Աբեն միմյանց վստահեցրել են Մանիլայի ու Տոկիոյի հարաբերությունները բարելավելու ձգտման մեջ, ինչն առաջին հերթին առնչվում է տարածաշրջանային անվտանգության ու ռազմական ոլորտներին։

Միևնույն ժամանակ երկու երկրների առաջնորդները չեն քննարկել Ֆիլիպինների համար ցավագին համարվող ճապոնա-ամերիկյան համագործակցության թեման՝ հաշվի առնելով Դուտերտեի նախագահության ժամանակ ԱՄՆ-ի ու Ֆիլիպինների միջև ստեղծված լարվածությունը։

Հոկտեմբերի 25-ին Դուտերտեն հայտարարել էր, որ ցանկանում է վերացնել Ֆիլիպիններում գտնվող օտար բոլոր զորքերը։ Դուտերտեն վերջին շրջանում մի շարք սուր հայտարարություններ է արել ԱՄՆ-ի և անձամբ նրա նախագահ Բարաք Օբամայի հասցեին։