Մի պատգամավորի խորհրդարան
Օրենսդիրը սկսեց իր հերթական քառօրյան: Նկատել եմ, որ մի քանի թեժ արտահերթերին, որպես կանոն, հաջորդում են «բառադի» քառօրյաներ: Երկրորդ օրն է՝ ընթանում է գաղջ ու տափուկ մի միջոցառում:
Երկրորդ օրն է՝ ԱԺ-ում տիպիկ ձմեռային մթնոլորտ է. առավոտյան գալիս են աշխատանքի, արագ-արագ գրանցվում ու աճապարում նոր սեզոնը բացված խաշը վայելելու:
Երեկ մեկնարկած անհասկանալի ծագման օրենսդրական փաթեթների շարքի շքերթը շարունակվեց այսօր: Դահլիճը դատարկ էր և հիմա էլ դատարկ է:
Ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն…
ԱԺ-ն մեկ նախադասությամբ նկարագրեմ հետևյալ կերպ. զեկուցում էր նույն մարդը, այնուհետև հարակից զեկույցը ներկայացնում է նույն անձնավորությունը, հարց տալիս էին դահլիճում հերթապահ մնացած մի քանի պառլամենտական. «պոստում դեժուրնի» էին Խոսրով Մելիքիչն ու Մելքումյան Միշիկը:
Նշեմ հետևյալը. խորհրդարանում այնքան միատոն ու ոչ շահագրգիռ քննարկումներ են, որ անգամ նյուզերում քար անտարբերություն էր այն լուսաբանելու առումով: