Արշտայի պատրաստումը հայկական գյուղում


19:09 , 19 հոկտեմբեր, 2016

20-րդ դարասկզբին տպագրված այս փոստային բացիկը ներկայացնում է արշտայի (ինչպես նշված է բացիկի դարձերեսին՝ «հայկական մակարոնի») պատրաստման գործընթացը Արևելյան Հայաստանի գյուղերից մեկում:

Արշտան (կամ՝ արիշտա, ռշտա) պատրաստվում էր անալի, պինդ խմորից։ Խմորը հարթեցվում էր գրտնակով, ինչպես լավաշը, ապա խմորի բացվածքը մի քանի տակ ծալելով՝ դանակով երիզաձև կտրատվում էր: Այնուհետև խմորի կծիկը բացվում և կախվում էր պարանին արևի տակ չորանալու, իսկ չորանալուց հետո՝ բովվում էր թոնրի կամ փռի մեջ։ Արշտան հայկական գյուղերում ավանդաբար համարվում էր ձմեռվա համար պահածո սննդամթերք և օգտագործվում էր զանազան կերակուրներ՝ փլավ, ապուր և այլն պատրաստելիս։