Ի՞նչ անել, եթե խանութում գնված ապրանքը ետ չեն ընդունում


13:45 , 5 հոկտեմբեր, 2016

«BlogNews»-ն իր ընթերցողից նամակ է ստացել․

«Վերջերս բրենդային խանութներից մեկից տաբատ գնեցի: Հետո այլ խանութից գնեցի մեկ այլ տաբատ, որն ավելի հարմար էր իմ կազմվածքին,  և որոշեցի նախորդ գնածս հետ վերադարձնել, քանի որ անցել էր ընդամենը 30 րոպե, և տաբատի ապրանքային տեսքը պահպանված էր: Վաճառողը հրաժարվեց հետ վերցնել տաբատը, խնդրեցի կանչել մենեջերին, ով նույնպես հրաժարվեց՝ ասելով, որ «իրենց խանութում գնված ապրանքը ետ չի ընդունվում, և իրենք դա նույնիսկ ՀԴՄ կտրոնի վրա են նշել»: Քանի որ ես որոշ չափով տեղյակ էի իմ իրավունքներից, ասացի, որ իրենք  նման իրավունք չունեն, ՀՀ օրենքով արգելվում է գնված ապրանքը ետ չընդունելը: Վաճառողի պատասխանն էր՝ մենք ապրում ենք ազատ երկրում, և իրենք են որոշում իրենց խանութի օրենքները: Երկար վիճելուց հետո, միևնույն է, չկարողացա ետ վերադարձնել գնումս: Ի՞նչ կարելի է անել նման դեպքում»:

Քանի որ նման դեպքերը շատ հաճախ են հանդիպում, որոշեցինք այս հարցի շուրջ զրուցել «Իրազեկ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ և հասկանալ՝ նման դեպքերում ինչ կարող են անել սպառողները:

«Իրավունք ունենալը մի բան է, իրավունքն իրացնելը՝ մեկ այլ բան: Իրավուքներ շատ ունենք, որոնք, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ մի քիչ դժվար են իրացվում, և այդ իրացումը հաճախ հանգեցնում է այլ խնդիրների:

Խանութների կողմից գնված ապրանքը ետ չընդունելու խնդիրը մեր իրականության մեջ շատ վաղուց է առկա և օրեցօր այն խորանում է, տարիներ շարունակ մենք այն բարձրաձայնում ենք:

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքն ասում է, որ`

Բայց շատ տնտեսվարող սուբյեկտներ անգամ բացահայտ հայտարարում են, որ իրենք չեն աշխատում ՀՀ օրենսգրքին համապատասխան: Նրանք դրա իրավունքը չունեն: Ժամանակին այս խնդրով զբաղվում էր Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Կարեն Ճշմարիտյանի նախարարության ժամանակահատվածում այդ գերատեսչությունը ոչ միայն զրկվեց իր այդ լծակից, այլև իրավասություն չունեցավ զբաղվելու սպառողների իրավունքների պաշտպանությամբ: Հայտարարվեց, որ նման դեպքերի համար գոյություն ունի դատական կարգ: Քաղաքացին պետք է դիմի դատարան և օրենքով սահմանված կարգով վերականգնի իր իրավունքը: 

Բազմիցս խոսվել է, թե ինչու նպատակահարմար չէ դատական կարգով խնդիրը բողոքարկելը: Բայց գլխավոր պատճառը թերևս այն է, որ խնդրին լուծում տալը շատ երկար ժամանակ է պահանջում: Իսկ երբ տնտեսվարողը հասկանում է, որ իրեն պատասխանատվության կանչող չկա, սկսում է ավելի անկարգ գործել և ավելի շատ ոտնահարել սպառողների իրավուքները: 

Ինչ վերաբերվում է ՀԴՄ կտրոնի վրա «գնված ապրանքը ետ չի ընդունվում» գրելուն և սեփական խանութի օրենքների մասին խոսելուն, դա օրենքի կրկնակի խախտում է: Նման բան ՀԴՄ կտրոնի վրա գրելու իրավունք չկա: Այդ հայտարարություններով տնտեսվարողը մոլորեցնում և խաբում է այն սպառողներին, ովքեր լիարժեք չեն տիրապետում իրենց իրավունքներին։ Այս դեպքում կարգապահական վարույթ կարող է սկսել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Սպառողը պետք է դիմի այդ հանձնաժողովին»։

(Հեռ․ 010 544004

Եթե Ձեզ հետ էլ է նման դեպք պատահել, հիշեք.

- օրենքը միշտ սպառողի կողմն է

- տնտեսվարողների համար ՀՀ տարածքում գործում է միայն ՀՀ օրենքը, և կապ չունի՝ ինչ խանութ է, ինչ ձեռնարկություն կամ բրենդի ներկայացուցիչ

- տնտեսվարողն իրավունք չունի խաղալ սեփական խաղի կանոններով

Պատրաստեց՝  Անի Հակոբյանը