ՊՆ-ին այս պահին ոչ այնքան պատերազմի թոհուբոհով անցած ղեկավար, որքան լավ թոփ-մենեջեր է պետք


15:14 , 3 հոկտեմբեր, 2016
Image result for վիգեն սարգսյան կենսագրությունՆոր պաշտպանության նախարար ունենք։ Այս նշանակումը երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար օղակների կադրային փոփոխությունների առումով նշանակալի է։ Նախ՝ առաջին անգամ այս գերատեսչության ղեկավարությունը ստանձնում է մեկը, որ չի անցել Արցախյան պատերազմի թոհուբոհի միջով, ծանոթ չէ ինչպես Խորհրդային, այնպես էլ հետանկախացման շրջանի բանակաշինության սկզբունքներին։ Փոխարենը նա օժտված է պետական կառավարչի ունակություններով, որոնք հարկավոր են ՊՆ-ում ապրիլյան պատերազմի օրերին բացահայտված բազմաթիվ բացթողումները վերացնելու, շարքային զինվորից մինչև բարձր սպայական աձնակազմ և ղեկավար օղակներ վերահսկողություն հաստատելու և այս ամբողջ շղթայի աշխատանքը կարգավորելու և թափանցիկ դարձնելու համար։
Իհարկե, հաշվի առնելով մեր հակառակորդի և Արցախյան կոնֆլիկտի առանձնահատկությունները՝ պատերազմական փորձը ցանկալի է, սակայն դրա բացակայությունը չի կարող նաև որպես թերություն դիտարկվել։ Նույն այդ փորձը, որը կար ինչպես նախորդ նախարարի և ՊՆ-ի շատ գեներալների մոտ, չկարողացավ ծածկել այն բոլոր խնդիրները, որոնք հենց սխալ կառավարման հետևանք էին, այլ ոչ թե ռազմական, ստրատեգիական, որոնք ի հայտ եկան քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս պահին մեզ իսկապես պետք է լավ մենեջեր, որը կվերացնի բանակում հենց այս խնդիրները։
Այս առումով Վիգեն Սարգսյանի նշանակումը կարելի է դիտարկել որպես ճիշտ որոշում։