Քվեաթերթիկը՝ հայերի 21-րդ դարի շերեփը


10:07 , 3 հոկտեմբեր, 2016

Image result for թվեաթերթիկՔՎԵԱԹԵՐԹԻԿ՝ ՀԱՅԵՐԻ 21-ՐԴ ԴԱՐԻ ԹՂԹԵ ՇԵՐԵՓԸ

Ուրիշի դժբախտության կամ հիմարության վրա չարախնդալը վատ բան է, բայց մարդիկ ԱՄԵՆԱՅՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ զարմանում են՝ միթե ևս երեսուն տարի է պետք հասկանալու համար, որ ընտրություններ կարող են լինել ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ՝

ա) Հայաստանում ԱՐԴԵՆ հաստատվել է սուվերենություն, ու Հայաստանում գործող տնտեսա-քաղաքական միավորներն ու մարդկանց տարբեր շերտերն ԱՐԴԵՆ հաստատել են իրենց սուվերեն տարածքի վրա իշխանություն կազմավորելու իրենց բնական իրավունքը:

բ) Երկրի ներսում տարբեր խմբերի (ու նրանց հարող ժողովրդի ավելի լայն շերտերի) միջև ԱՐԴԵՆ հաստատվել է ուժերի այնպիսի դինամիկ հավասարակշռություն, որ բոլորի համար ամենաօպտիմալ (ոչ թե մաքսիմալ, այլ հենց օպտիմալ) տարբերակը հարաբերականորեն կայուն խաղի կանոնների հաստատումն է, այդ թվում՝ որևէ ընթացակարգով իշխանության ընտրությունն ու ռեսուրսների բաշխումը:

Առանց ա) կետի իրականացման բ) կետի մասին լրջորեն խոսելը, մեղմ ասած, էշություն է, առանց բ) կետի իրականացման ընտրությունների մասնակցելն ու խաբված նախկին կույսի տրտմությամբ լացուկոծ անելը, մեղմ ասած, քյալություն:

Ա) կետի մասով՝ բոլորին շատ լավ հայտնի է, թե Հայաստանի սուվերենությունն ով և ինչու է սահմանափակում, բայց, չգիտես ինչու, շատերը տարիներ շարունակ գերադասում են ջայլամի պոզան: Հաճելի՞ է: Քանի՞ օրինակ գիտեք, երբ ազգն առանց կոշտ ու կենաց մահու պայքարի սուվերենություն է ձեռք բերել:

Բ) կետի մասով՝ մարդիկ քսան տարի առաջ Ձեզ պարզ ասել են՝ ուզում եք 100% էլ հավաքեք, իշխանություն Ձեզ տվող չկա, ու տանկերով ապացուցել, որ կատակ չեն անում: Հո դուք ապու՞շ չեք, ֆռում-ֆռում, օրը ցերեկով գալիս, նույն փոսն եք ընկնում, հետո էլ վայնասուն եք բարձրացնում, թե բա գիտեք՝ անարդար էր, կեղծված էր... Մարդու հավատ չի գալիս, որ էս ՊԱՐԶԱԳՈՒՅՆ բաները չեք հասկանում: Ախր որ խոսում եք, ահագին խելացի եք երևում:

Ֆեյսբուքում կոշտ պայքարի դատարկ կոչեր անելը անշնորհակալ ու հիմար զբաղմունք է, բայց ախր, հարգելի տղաներ և աղջիկներ, արդեն իրոք ԲԱՎԱԿԱՆ է ձեզ ու մեզ բոլորիս գժի տեղ դնեք: Թարգե՛ք: Լիքը ուրիշ հետաքրքիր ու լավ գործեր կան, ավելի լավ չի՞ դրանցով զբաղվել:

Հ.Գ. Ժիրայրենց ու Վարուժանին չմոռանա՛ք: Նորից կարդացե՛ք նրանց ասածները: Էս մի անգամ խրոնիկ սնոբիզմը թարգե՛ք ու կարդացեք որպես քաղաքական պլատֆորմ: Միգուցե այբն ու բենն արդեն ընկալեք: