«Կյանք ու կռիվ». Մհեր Մկրտչյանի ֆիլմը Արցախյան պատերազմի մասին (լուսանկարներ)


20:15 , 19 սեպտեմբեր, 2016

Արցունքների միջից ծիծաղ, ծիծաղի միջից արցունքներ. հենց այսպես ես դիտում ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի նոր՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը սեպտեմբերի 21-ից մեծ էկրաններին կլինի։ Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմում նուրբ թելով միահյուսված են հումորը, որը կյանք է տալիս կռվի ժամանակ, և դրաման՝ իր բոլոր դրսևորումներով, որ բերում է պատերազմը։ Ռեժիսորական և օպերատորական լավ աշխատանքի շնորհիվ ստեղծագերծական թիմին հաջողվել էր ամբողջությամբ ստանալ 90-ականների երևանյան կոլորիտը, որը թեև այնքան էլ հեռու անցյալում չէ, բայց և արդեն մոռացվել է։ Ֆիլմում ամեն բան մանրակրկիտ մտածված էր՝ դերասանների հայացքից մինչև ձեռքի շարժում, նկարահանման վայրերի ընտրությունից մինչև ռեկվիզիտներ։

DSC_1097 copy

Ստեղծագործական թիմի բոլոր անդամները նշում էին, որ մեծ է եղել նախնական աշխատանքը։ Օրինակ՝ խուլ ու համր աղջկան մարմնավորող Էլեն Սարգսյանն ու գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը ժեստերի լեզվով խոսելու համար 2 ամիս պարապել են, շփվել խուլ ու համրերի հետ նրանց հոգեբանությունը հասկանալու համար։ Այսպիսի աշխատանք է տարվել մարտական տեսարանները նկարահանելու համար։

Ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը նշեց, որ դերասանները հատուկ պարապմունքներ են ունեցել. «Մեկ-մեկուկես ամիս դերասանները երկար ու տանջալի պարապմունքներ են ունեցել հատուկջոկատայինների հսկողությամբ։ Տղաները և՛  երևանյան, և՛ դաշտային պարապմունքներ են ունեցել»։

Ֆիլմում շատ նուրբ էր ընտրված դերասանական կազմը։ Ռեժիսորը շեշտը դրել էր ոչ թե հայտնիության, այլ պրոֆեսիոնալիզմի վրա։ Արդյունքում՝ փոքրիկ, թե մեծ դերով յուրաքանչյուրն իր տեղում էր։ Գլխավոր հերոսի դերակատարը՝ Սամվել Թադևոսյանը, Թատերական ինստիտուտի շրջանավարտ է, ֆիլմում նկարահանվելուց հետո զորակոչվել է բանակ։ Զինվորականի առաջին փորձն էլ նկարահանումների ժամանակ է ձեռք բերել։ «Ինձ համար բարդ էր, որովհետև մարմնավորում էի կերպար մի ժամանակաշրջանում, երբ դեռ ծնված չեմ եղել։ Ես ծնվել եմ 1993 թվականին, գործողությունները ծավալվում են 1991-ին։ Կերպարս ճիշտ կերտելու համար ուսումնասիրել եմ դոկումենտալ կադրեր, աչքեր, խոսել եմ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հետ։ Մենք ունեցել ենք  խորհրդատուներ, որոնք ինձ սովորեցրել են ինչպես զենքը լիցքավորել, պահել, թեքության որ աստիճանով, ինչպիսի դեմքով, հայացքով... Ընկերոջս կորցնելու տեսարանի համար խորհրդակցել եմ մոտ 15 ազատամարտիկի հետ, ովքեր ընկեր են կորցրել Ղարաբաղյան պատերազմում»,- ասաց Սամվելն ու հավելեց, որ Մհերի հետ աշխատելն իր համար հետաքրքիր էր, քանի որ նրա մոտ դերը «սվաղել» հասկացություն չկա։

DSC_0961 copy

DSC_0982 copy

Դերասան Սամվել Թոփալյանն էլ նշեց, որ շատ նուրբ թեմա է ընտրված, և շատ կարևոր էր կերպարներին կերտելիս չանցնել նրանց հերոսացնելու չափը։ «Ֆիլմում արհեստածին տարր կմտներ, եթե շատ  հերոսացնեինք կերպարներին։ Կարծում եմ՝ ֆիլմում շատ ճիշտ էր դրված չափը, որպեսզի արհեստական լարում չլիներ։ Պարոն Մկրտչյանն ամեն նկարահանումից առաջ մեզ հետ կոնկրետ աշխատանք է տարել, որպեսզի անտեղի «հերոսներ» չունենանք»,- նշեց դերասանը։

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանն էլ նշեց, որ աշխատանքները սկսել են մոտ մեկ տարի առաջ։  «Ֆիլմը նկարահանվել է ՊՆ աջակցությամբ։ Պաշտպանության նախարարությունն աջակցել է ոչ  միայն տեխնիկա տրամադրելու, այլև հոգեբանական պատրաստվածության առումով։ Շնորհակալ ենք, որ ՊՆ-ն ոչ միայն սահմանն է պահում, այլև ֆիլմերի նկարահանմանն է աջակցում»,- նշեց Կարեն Ղազարյանը և հավելեց, որ երբ նկարահանում էին ֆիլմը, սկսվեցին ապրիլյան դեպքերը։ «Գաղափար ծնվեց անել ֆիլմի շարունակությունը, նկարահանել ֆիլմ՝ այս օրերի մասին. «Կյանք ու կռիվ. 25  տարի անց»։ Որոշակի մասեր արդեն նկարահանվել են, սակայն դեռ աշխատանք կա անելու։ Հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի, և ֆիլմը կհանձնենք հանդիսատեսի դատին»,- հայտնեց պրոդյուսերը։

DSC_1067 copyDSC_1095 copy

Անի Խաչիկյանի, Սամվել Թադևոսյանի, ՀՏ Հայկոյի, Սամվել Թոփալյանի, Բաբկեն Չոբանյանի, Գեորգի Հովակիմյանի, Էլեն Սարգսյանի, Հայկ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, բեմադրող օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտորը՝ Արմեն Մարտիրոսյանը, սաունդթրեկի հեղինակը՝ Արթուր Գրիգորյանը, գործադիր պրոդյուսերը՝ Լիլիթ Մարտիրոսյանը, պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյանը։

DSC_0938 copyDSC_0834 copy
DSC_0854 copy
DSC_0863 copy
DSC_0891 copy
DSC_1015 copy

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Նարեկ Բադիրյանի