Արտակարգ դեպք Էջմիածնում. կրակել են Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա (լուսանկարներ)


05:11 , 17 սեպտեմբեր, 2016

Երեկ՝ ժամը  23:30-ի ժամանակահատվածում, Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանն այդ պահին եղել է մեքենայի մեջ:

Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի միջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, ով ևս գտնվել է մեքենայի մեջ:

Ըստ տեղեկությունների՝ Կարեն Գրիգորյանի  և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև ավելի ուշ տեղի է ունեցել բախում: Կարեն Գրիգորյանի թիմակիցները մեքենայով հարվածել են այն մեքենային, որից հնչել են կրակոցները, և խլել հրազենը:

«Իմ եղբորորդին և Արթուր Թումանյանն այս պահին գտնվում են հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը մեր թաղամասում հսկողություն է իրականացնում, որ հանկարծ մեզ հետ բան չպատահի»,- այս մասին քիչ առաջ հայտնեց Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը՝ անդրադառնալով այսօր ուշ երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին:

Ըստ Հրաչիկ Աբգարյանի՝ Էջմիածնում պարեկային ժամ է: Նա պնդում է, որ միջադեպը հրահրել են Կարեն Գրիգորյանն ու իր թիմակիցները. «Իրանք են էկել մեր թաղերը: Սա ազգիս վերջն ա, ազգիս խայտառակությունը: Վերջ»,- եզրափակեց Հրաչիկ Աբգարյանը:

Աբգարյանը հույս ունի, որ ոստիկանությունն օբյեկտիվ քննություն կիրականացնի, և իրական մեղավորները կպատժվեն: