Վրաստանի վարչապետի այցը՝ հերթական կայծ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման համար


16:15 , 5 սեպտեմբեր, 2016
Image result for Վրաստանի վարչապետ հայաստանՎրաստանի վարչապետի այցը՝ հերթական կայծ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման համար
Վրաստանի վարչապետի այցը առաջին հայացքից միայն ճանաչողական կարող է թվալ, քանի որ նա պաշտոնավարումից հետո առաջին անգամ է այցելում Երևան, սակայն եթե հիշենք այն հանգամանքը, որ Կվիրիկաշվիլին մինչ այդ զբաղեցրել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի, փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնները և ոչ մեկ անգամ է այցելել Հայաստան, ապա պարզ է դառնում, որ վրացի պաշտոնյան երկկողմ համագործակցության ողջ շրջանակից բավականին քաջատեղյակ է և, կարելի է ասել, լավ պատկերացնում է հայ-վրացական հարաբերությունների նաև ներկա նրբությունները: Ուստի այցելությունը կարելի է առանձնացնել իր կարևորությամբ՝ առկա գործակցության մանրամասներին ևս մեկ անգամ անդրադառնալու, արվածը վերլուծելու, խնդիրները հասկանալու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով:
Հայաստանում նախատեսված հանդիպումներից թերևս առավել հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչի շուրջ կլինեն քննարկումները երկու երկրների կառավարության ղեկավարների միջև: Կողմերն անշուշտ կանդրադառնան ինչպես երկկողմ քաղաքական և տնտեսական ու մասնավորապես՝ երրկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների աճին, այնպես էլ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ ոլորտին առնչվող քառակողմ համագործակցությամբ պայմանավորված համատեղ աշխատանքին: Կողմերը միշտ կարևորել են հումանիտար և կրթական ոլորտների համագործակցությունը, սակայն որոշ խնդիրներ դեռևս իրենց վերջնական լուծումները չեն ստացել: Նշվածի շրջանակներում անհրաժեշտություն կա ակտիվ պահել հատկապես Վրաստանում մեր հայրենակիցների՝ կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնման հարցը:
Ասվածի համատեքստում հուսադրող է նաև այն իրողությունը, որ հատկապես վերջին երկու-երեք տարիներին հայկական կողմի բարձրացրած խնդիրներ իրենց մասնակի կամ ամբողջական լուծումներն են գտնում, ինչը նախկինում հազվադեպ էր հանդիպում:
Կարևոր է նաև, որպեսզի տարբեր արտաքին տնտեսական և մաքսային համակարգերի մաս կազմող Հայաստանն ու Վրաստանը կարողանան ապահովեն իրենց տնտեսությունների անխափան աշխատանքը նաև համատեղ ծրագրերի միջոցով, և նման հնարավորություն, կարծես, կողմերը հենց իրենք են ստեղծել. գործող Ազատ առևտրի համաձայնագիր, էլ չասենք՝ անմիջական սահման, անցակետեր, նոր կառուցվող «Բարեկամության կամուրջ» և այլն:
Հավելենք նաև, որ Երևանն ու Թբիլիսին բավականին ըմբուռնումով են մոտենում տարածաշրջանում առկա հակամարտություններին, մասնավորապես՝ ԼՂՀ և Հարավօսական ու Աբխազական խնդիրներին, ինչն անկասկած պահել է պետք: Միևնույն ժամանակ, այսօր ստացվել է այնպես, որ Վրաստանն իր արտաքին քաղաքականության մեջ մեծապես կարևորում է կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիան և Ադրբեջանը հիմնականում ապահովում են Վրաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը: Մյուս կողմից Վրաստանի համար խնդիր է մնում տարածքային ամբողջականության հարցը, որն անմիջական առնչություն ունի վրաց-ռուսական հարաբերությունների հետ: Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի և Վրաստանի համար առավել վստահելի և հավատարիմ գործընկեր, կարող է միջնորդի դեր ստանձնել վերջիններիս միջև հարաբերությունների բարելավման հարցում:
Միշտ շեշտվում է Վրաստանի կարևորությունը Հայաստանի համար հատկապես որպես հյուսիս տանող միակ բաց ցամաքային տարանցիկ ուղի, սակայն չմոռանանք, որ հենց այդ տարանցիկ վճարների շնորհիվ ֆինանսական մեծ օգուտներ է ստանում Վրաստանը: