Քրոնիկական հոգնածության նոր վտանգ. բժիշկներ


18:56 , 30 օգոստոս, 2016

Քրոնիկական հոգնածության համախտանիշը փոխում է արյան քիմիական բաղադրությունը: Այդ մասին հայտնում է Medical Daily-ն՝ հղում անելով Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են քրոնիկական հոգնածության համախտանիշ ունեցող 45 մարդու և նույն տարիքի 39 առողջ մարդու արյան նմուշները:

Պարզվել է՝ քրոնիկական հոգնածության համախտանիշով հիվանդների դեպքում նվազել է հիմնական քիմիական նյութերի քանակն արյան մեջ:

Գիտնականները նշում են, որ դա մարդկանց դեպքում առաջացնում է մշտական ֆիզիկական և մտավոր հոգնածության զգացում, որն ուղեկցվում է քրոնիկ ցավերով, վերջույթի թմրության զգացումով, հիշողության, կենտրոնացման և մարսողության վատացմամբ: