Խաղողի մթերումը կսկսվի սեպտեմբերի 15-ից


13:28 , 26 օգոստոս, 2016

Հանրապետությունում խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները,  մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից: Այս մասին տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

«Հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սևակ, Երասխ, Արմաշ և Սուրենավան
համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում, «Երասխի
գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ
իրականացնել»,-ասված է ԳՆ տարածած հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի, «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում`
գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի
շրջանակում:

Հիշեցնենք, որ մթերող ընկերությունները դեռ ամբողջությամբ չեն վճարել գյուղացիներին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց: