Ոռոգելի տարածքի ընդլայնում (100 հա) Գոռավանում
Գյուղատնտեսության զարգացմանն ուղված քայլերից մեկը կարելի է համարել ոռոգելի տարածքների ընդլայնումը: Այնպես չէ, որ սրանով բոլոր հարցերը լուծվում են, բայց ակնհայտ է, որ կարևորագույն հիմնասյուներից մեկը ոլորտի հենց ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումն է:
Սպասվում է, որ Գոռավան համայնքում շահագործման կհանձնվի վերակառուցված ոռոգման ներտնտեսային ցանցը:
Ծրագիրը ունի երկար տարիների պատմություն: Ժամանակին այն չէր կառուցվել տեղանքում առկա անհամապատասխան թեքության համար: Առկա էին նաև մի շարք այլ խնդիրներ:
Այժմ դրա կարիքը իրեն զգացնել է տալիս: Այդ է պատճառը, որ համայնքի շուրջ 2900 բնակիչներ բարձրացրել էին այդ հարցը:
Խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ խողովակաշարի պատշաճ գործարկումն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել առկա շինարարական խախտումները, ինչպես նաև՝ 400 մմանոց խողովակաշարի շուրջ 200 գծ.մ. հատվածը փոխարինել 600 մմանոց խողովակաշարով:
Պետության աջակցությամբ այսօր արդեն խնդիրը լուծվել է. անհրաժեշտ 200 գծ.մ.ի փոխարեն 600 մմ անոց երկաթբետոնյա կիսախողովակներով փոխարինվել է շուրջ 265 գծ.մ. հատված, ինչը թույլ կտա ոռոգման աշխատանքներն իրականացնել պատշաճ կերպով:
Կատարված աշխատանքի արդյունքում Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա: