«Ինձանից վատ կաշխատի, թե լավ, ցույց կտա ընթացքը». Մասիսի քաղաքապետը ՀՀԿ երիտասարդ թեկնածուի հայտարարությունների մասին


22:14 , 23 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Մասիսի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու գրանցված Դավիթ Համբարձումյանը, որը «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (հայտնի որպես Թույների Մհեր) որդին, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, արդեն իսկ հայտարարում է, որ ընտրվելու է ու զբաղվում ու զբաղվելու է Մասիսի բոլոր խնդիրներով։ Այս առթիվ Tert.am-ը մի քանի հարց ուղղեց Մասիսի գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանին:

-Պարո՛ն Հակոբյան, Ձեր փոխարեն ՀՀԿ-ն Մասիսում առաջադրել է մի երիտասարդի, որը հայտնի է նրանով, որ ոստիկանապետի թիկնազորի պետի փեսան է ու արդեն իսկ համարձակ հայտարարություններ է անում, թե ընտրվելու է, Մասիսում ինչ պետք է անելու է: Դուք այդ հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

–Նախ եկեք նրան չկապենք ինչ-որ մարդկանց հետ, էդ մարդը, որ ոստիկանապետի թիկնազորի փեսան ա, աշխատելու իրավունք չունի՞: Կամ 30 տարեկան տղա ա, ես չէի ասեի, որ բավական երիտասարդ ա: Բացի դա, ինքը անցած ճանապարհ ունի:  Վերահսկիչ պալատում տեղական ինքնակառավարման վարչության պետի տեղակալ ա եղել 6 տարի: Վարչական գործունեություն ունի ծավալած:

- Նա նաև հայտարարում է, որ այս պահից զբաղվում է քաղաքի խնդիրներով ու բոլոր խնդիրներով զբաղվելու է: Արդյո՞ք Ձեզանից լավ է ղեկավարելու քաղաքը, որ արդեն ամպագոռգոռ հայտարարություններ է անում: Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Ամպագոռգոռ հայտարարություններ մարդիկ անում են երևի վստահ լինելով, իսկ ինչ վերաբերում է՝ ինձանից վատ կաշխատի, թե լավ կաշխատի, դա ցույց կտա արդեն ընթացքը: Դուք հաշվի առեք, որ իր թիկունքում կանգնած է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն մեր քաղաքում մեծ ռեսուրսներ ունի: Ես ՀՀԿ կառույցի ղեկավար լինելով, ես էլ եմ սատարելու իրեն:

- Սակայն մասիսցիներն ասում են, որ իրենց քաղաքի խնդիրները՝ բաց կոյուղու, փողոցների, տրանսպորտի հարցերը տարիներով չեն լուծվում: Ինչո՞ւ պետք է մասիսցին ընտրի ՀՀԿ թեկնածուին, Ձեր կարծիքով:

- Ո՞վ ասեց, չի լուծվում: Եկեք համեմատեք, տեսեք որ քաղաքներում է ավելի շատ աշխատանք կատարվել: Կոյուղին ընդհանրապես քաղաքապետի ենթակայության ներքո չի գտնվում, ճանապարհների պրոբլեմը բոլոր քաղաքներում կա, բայց բազմաբնակարան շենքերում էդ պրոբլեմը չկա ասֆալտապատման, էսօր սեփական սեկտորում կա էդ պրոբլեմը: Բայց էս 4 տարիների ընթացքում մենք ահռելի աշխատանք ենք կատարել: Ես կասկած չունեմ էդ նույն աշխատանքը իր ընտրվելուց հետո կշարունակվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ