«Ժառանգությունը» ձախողվելու հայտ ներկայացրեց


19:45 , 16 օգոստոս, 2016

Պետական և քաղաքական ցանկացած գործընթաց ավելի ինտրիգային ու հետաքրքիր է դառնում այդ գործընթացում ներառված անդամների թվի և որակական հատկանիշների շնորհիվ:

ՀՀ-ում ընտրությունները լինում են երկու տեսակի՝ համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների: Համապետական ընտրություններն են` նախագահական և պառլամենտական (2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրությամբ Նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու): Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրվում են համայնքների ղեկավարները՝ քաղաքապետ և համայնքապետ (բացառություն է Երևանը, նոր Սահմանադրության համաձայն՝ Վանաձորում և Գյումրիում նույնպես քաղաքացիները չեն ընտրի անմիջապես անհատի, այլ կընտրեն կուսակցական ավագանի):

Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը հատկապես կարևորվում են ժողովրդավարության հաստատման, քաղաքացիական հասարակության կայացման տեսանկյունից, ինչի պատճառով առավել ընդգծվում է այս համակարգում մարդկանց և հատկապես քաղաքական ուժերի քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը:

Լրատվամիջոցներն այսօր տարածեցին «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը. այն տարօրինակ է, անգամ զավեշտալի:

Կուսակցության հայտարարության մեջ նշվում է՝ «Ժառանգության» երեք անդամները` Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Հովսեփ Խուրշուդյանը շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ, և կուսակցությունը՝ անտեսելով բոլոր վտանգները, որոշում է կայացրել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին:

Փաստացի «Ժառանգությունն» ունի մարդկային ռեսուրսի խնդիր, իսկ դրանում մնացած քիչ մարդիկ զբաղեցնում են կուսակցական պաշտոններ: «Ժառանգության» հայր Րաֆֆին այս ընթացքում վիետնամական պատերազմի մասին ֆիլմեր է դիտում, վայելում մի բաժակ սառը վիսկի և հիանում ամերիկացի զինվորի սխրանքներով: Խորհրդարանական ֆրակցիայի մասին քանիցս խոսվել է, դրա միանձնյա տեր ու տիրականը Զարուհի Փոստանջյանն է, այլ գործիչներ պարզապես չկան:

Կարճ ասած՝ կուսակցության այսօրվա հայտարարության միջոցով «ժառանգությունը» ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր մահախոսականը: Նմանատիպ մի սրտաճմլիկ էսսե նրանք հավանաբար կկարդան 2017թ. մարտ ամսին`խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: