Բանակից գյուլենական գեներալների մաքրազատումից հետո հնարավոր հեղաշրջման փորձով կարող են հանդես գալ ՆԱՏՕ-ամետ գեներալները...


15:00 , 16 օգոստոս, 2016
Թուրք վերլուծաբանները շարունակում են քննարկել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հնարավոր զարգացումներն ու սցենարները: Հայտնի վերլուծաբաններից մեկն իր հոդվածում գրել է գյուլենականների չհանձնվելու և հետագա հավանական զարգացումների մասին` ներկայացնելով իբր կուլիսային շրջանակներում քննարկվող հավանական սցենարներ: Վերջինս ներկայացրել է 3 սցենար.
1. Էրդողանը կարժանանա Անվար Սադաթի կամ Ինդիրա Գանդիի ճակատագրին,
2. Բանակից գյուլենական գեներալների մաքրազատումից հետո հնարավոր հեղաշրջման փորձով կարող են հանդես գալ ՆԱՏՕ-ամետ գեներալները,
3. Բանակում չբացահայտված գյուլենականների կողմից նոր ապստամբություն, ներքին պատերազմ, արտաքին ուժերի միջամտություն:
Թեև վերոնշյալ 3 սցենարներն էլ ինչ-որ առումով հնարավոր են` ավելի շատ տեսականորեն, այդուհանդերձ, ավելի հավանական տարբերակ կարող է դիտարկվել Էրդողանի «սադաթացումը» և ներքին ճգնաժամը` արտաքին ուժերի միջամտությամբ: Բանակում դժվար թե հիմա այսպես ասած ՆԱՏՕ-ամետ գեներալներն ու զինվորականները լուրջ ուժ ներկայացնեն, որոնք ի վիճակի կլինեն գնալու հեղաշրջման կամ ինչ-որ էական գործողության: Ինչ վերաբերում է բանակում կրկին գյուլենականների կողմից հնարավոր ապստամբությանն ու ներքին պատերազմին, ապա դրա ռեսուրսը չեմ կարծում, որ վերջիններս կունենան. դա կարող լինել ոչ այնքան այսպես ասած «գյուլենականների» կողմից, որքան այլ աղբյուրներից ու շրջանակներից: