Մի քանի նկատառումներ ՀՀ պառլամենտարիզմից


12:20 , 14 օգոստոս, 2016

Խոսելով հետխորհրդային Հայաստանի քաղաքական քրոնիկոնից փաստենք մի կարևոր դրույթ, որ ՀՀՇ-ն կազմակերպություն էր, որը միավորում էր Ղարաբաղյան շարժման մի շարք ակտիվիստների և վայելում հանրության մեծ աջակցությունը: Սկզբում հանդես գալով որպես ընդհանրական կազմակերպություն` ՀՀՇ-ն իր հերթին նպաստեց մի շարք այլ կուսակցությունների, այդ թվում` տվյալ ժամանակա-հատվածում առավել հայտնի ընդդիմադիր կուսակցությունների առաջացմանը: Ընթացիկ էլիտայի ներկայացուցիչների մի զգալի մասը նույնպես փոխկապված է եղել ՀՀՇ-ի հետ:

1995թ.-ին ընտրված առաջին գումարման ԱԺ-ում ՀՀՇ-ն գերակշռում էր իշխող «Հանրապետություն» դաշինքի կազմում, որը ներառում էր նաև անկախ պատգամավորների մի զգալի հատված (117-ից 40 պատգամավոր) և այլ փոքր կուսակցություններից որոշակի թվով ներկայացուցիչներ (16 պատգամավոր): Այս կառուցվածքն իր հերթին նպաստեց «Հանրապետություն» դաշինքի արագ փլուզմանը և 1997թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` խորհրդարանում մեծամասնության կորստին:

1999թ. և 2003թ. ԱԺ մեծամասնական մանդատներով ընտրված պատգամավորները ազդեցիկ դեր ունեցան խորհրդարանում ներկայացված քաղաքական շահերի հավասարակշռությունը փոխելու առումով: Այս մեծամասնական պատգամավորները, որպես կանոն ունենալով ձեռնարկատիրական փորձ, համալրեցին իշխող կուսակցությունների շարքերը:
Երբ 2006 թվականի մայիսին, ՕԵԿ-ը, որն ուներ 20 մանդատ, որոշեց հեռանալ իշխող կոալիցիայից, տասը գործարար պատգամավորներ միանգամից լքեցին խմբակցությունը և ստեղծեցին գործարար պատգամավորների խումբ, որի անդամները հետագայում` 2007-ին, միացան մյուս իշխանական կուսակցություններին (ՀՀԿ և ԲՀԿ): Նույն շաբաթվա ընթացքում գրեթե նույն թվով անկախ պատգամավորներ` կրկին հիմնականում ձեռներեցներ, ովքեր ընտրվել էին մեծամասնականո, միացան ՀՀԿ-ին` դրանով երաշխավորելով նոր կոալիցիայի գերակայությունն ԱԺ-ում:

Ներկա խորհրդարանում անկախ պատգամավորները կազմում են ընդամենը 2.2 % և չեն կարող նույն չափով ազդել քաղաքական ուժերի հավասարակշռության վրա, ինչ նախկինում անկախ անդամները: Ըստ իս ապագա խորհրդարաններում ևս փոքր կուսակցությունները հավանաբար ներկայացված կլինեն ավելի քիչ թվով: Բացի այդ, ընտրական օրենսդրության փոփոխությունները ազդել են նման անկախ պատգամավորների ընտրության հնարավորությունների վրա:

Հ.գ. Փաստենք հետևյալը, որ անկախությունից ի վեր առաջին անգամ մեկ կուսակցություն լիարժեք մեծամասնություն ունի խորհրդարանում, ինչը հնարավորություն է տալիս անցկացնելու օրենքներ և ձևավորելու կառավարություն՝ առանց մյուս կուսակցությունների կամ անկախ պատգամավորների աջակցության: 90-ականների սկզբի ՀՀՇ-ի համեմատությամբ ներկայիս ՀՀԿ խմբակցությունն ավելի կայուն միավոր է, քանի որ մեծապես հիմնվում է համամասնական ցուցակով ընտրված պատգամավորների աջակցության վրա։ Համամասնականը լայն հնարավորություն է տալիս ավելի հեշտորեն վերահսկել պատգամավորներին: