Փաշինյանին ուղված ինվալիդ մեղադրանքները


15:30 , 8 օգոստոս, 2016

Երկու օր առաջ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ըստ Սեֆիլյանի՝ Նիկոլի կողմից տարածվում է ապատեղեկատվույուն առ այն, որ Սասնա ծռեր խմբավորումը այլևս չի պահանջում ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ի պատասխան Սեֆիլյանի հայտարարության՝ Փաշինյանը մանրակրկտորեն վերլուծել է վերջին օրերի իրադարձությունները և ներկայացրել փաստարկված հայտարարություն:

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է. «Այս քաղաքական օրակարգը եւ անելիքը ձեւակերպելու հաջորդ օրը պարզվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանի հետ քննարկում են ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման այնպիսի տարբերակ, որը չի ներառում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց ներառում է «Սասնա ծռեր» խմբի հանձնվելը իշխանություններին, այսինքն՝ զենքերը վայր դնելը: Այսպիսով՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» հրաժարվեցին ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանի հրաժարականով հանգուցալուծելու իրենց բարձրացրած եւ մեր կողմից քաղաքականապես ձեւակերպված տարբերակից եւ ընտրություն կատարեցին զենքերը վայր դնելու օգտին. (հիմա ակնհայտ է, որ եթե չլիներ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների դիմադրությունը, զենքերը վայր էին դրվելու ավելի վաղ)»:

Ի սկզբանե Սեֆիլյանի թիմի կողմից առաջադրված պահանջը, լիովին տեղավորվում էր Քաղաքացիական պայմանգիր կուսակցության գործողությունների տրամանության շրջանակներում: Ուստի առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանը եղել է գործողությունների կիզակետում: Այնուամենայնիվ փաստենք նաև այն, որ Հիմնադիր Խորհրդարանի և Սասնա ծռերի անդամների կողմից այդպես էլ չի խոսվել իրենց առջև դրված նպատակներին հասնելու կոնկրետ սցենարի մասին:
Բացի դրանից, ՊՊԾ տարածքում լրագրողների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը նշել էր, որ առկա է բանակցային երրորդ տարբերակը, որը չի շոշափում հրաժարականի պահանջ: Այս ամենից հետո, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ո՞րն է Նիկոլի կողմից տարածած ապատեղեկատվությունը:

Ուզում եմ ավելացնել նաև, որ գլոբալ առումով Փաշինյանի գործունեությունը ոչ թե ինչ որ կերպ խանգարում էր Սեֆիլյանի կողմնակիցների գործողություններին, այլ նաև միտում ուներ որոշակի մեխանիզմներով մեծացնել փողոցում հավաքվածների թիվը: Ըստ էության ինչու՞ էին ՔՊ-ականները նշում, որ անհրաժեշտ է զերծ մնալ պրովոկացիոն գործողություններից: Արդյո՞ք Նիկոլի նպատակը ցույցը դեպի իրեն ձգելն էր: Իհարկե ոչ: Եթե ՀՀ քաղաքացին զգար, որ Խորենացի փողոցում չեն լինելու սադրանքներ ու բախումներ, ապա ավելի շատ մարդ կհամախմբեր այնտեղ: Օրինակ Էլեկտրիկ Երևանի ցույցերին մարդկանց թվաքանակը մեծ էր, որովհետև ցույցին մարդիկ մասնակցում էին անգամ կնոջ ու երեխաների հետ, որովհետև գիտեին որ ուժ չի կիրառվելու իրենց նկատմամբ: Ի՞նչ է սա նշանակում կարճ ասած. Նիկոլ Փաշինյանի այս կոչն ավելի շատ նպատակ ուներ մեծացնելու Սասնա ծռերի կողմնակիցների աջակցությունը փողոցում: Սա հասկանալու համար պետք չէ ունենալ խորը քաղաքագիտական գիտելիքներ:

Թե ինչու՞ ՀԽ անդամները սա չեն կարողանում հասկանալ, մեղմ ասած անտրամաբանական է: