Կառավարությունը կվճարի քաղաքացիների փոխարեն


13:00 , 3 օգոստոս, 2016

2016թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ անունից օտարերկրյա պետություններում տրամադրվել է 581 վավերական անձնագիր, սակայն համաձայն ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկի, պետական տուրք չի գանձվել: Այդ որոշմամբ պետտուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետտուրքի գումարը ՀՀ քաղաքացիների փոխարեն վճարում է ՀՀ կառավարությունը:

Այս անգամ անձնագրերը տրամադրվել են Սիրիայի Դամասկոս (349 գործ), Հալեպ (150 գործ), Լիբանանի Բեյրութ (63 գործ), Իրաքի Բաղդադ (19 գործ) քաղաքներում գտնվող ՀՀ դեսպանություններում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունում ՀՀ քաղաքացիներին և օտարերկրյա այն հայ քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել օտարերկրյա այն հայ քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, ում մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Պետտուրքի գումարի հերթական չափաքանակը` շուրջ 36,5 մլն դրամ, գործադիրը մտադիր է ՀՀ արտգործնախարարությանը հատկացնել իր վաղվա նիստում: ԱԳՆ-ն գումարը կփոխանցի ՀՀ պետբյուջե: