Մտածված կամ չմտածված դավադրություն


15:24 , 27 հուլիս, 2016

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեք Ենիգոմշյանն անդրադարձել է երեկ խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններին ու ներկայացրել որոշ պարզաբանումներ: Նա իր խոսքում նշել է, որ հանրահավաքի ընթացքում մասնակիցների մեջ եղել են սադրիչներ: Ու իրենք, տեսնելով նաև թե ինչպիսի սադրանք է տեղի ունենում ՊՊԾ գնդի տարածքում (նկատի ունի փոխհրաձգությունը և Պավել Մանուկյանին ու նրա որդուն վիրավորելը), Խորենացի փողոցում սադրանքներից խուսափելու ու ոստիկանության հետ բախումներ թույլ չտալու համար հանրահավաքի մասնակիցներին հորդորել են տուն գնալ:

Այստեղ կա մի դրական կողմ դա այն է, որ ամեն դեպքում ակցիան կազմակերպող խորհուրդը զգուշացել է բախումներից ու թույլ չի տվել, որ բանը հասնի դրան: Բայց որքանով է տրամաբանական ու ընդունելի, որ ժողովրդին տեղյակ չի պահվում գնդի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Պետք է նշել, որ հավաքվածներն այդ մասին իմացել են համակարգողների հեռանալուց հետո միայն: Չէ՞ որ մարդիկ հավաքվել են հենց այն նպատակով, որ թույլ չտան ոստիկանության ու զինյալների միջև ընդհարումներ: Բայց, փաստորեն, հենց այդ ընդհարման պահին համակարգող խորհուրդը ժողովրդին տուն է ուղարկում:

Այստեղ իրավիճակը որոշակի անհասկանալի բնույթ է ձեռք բերում: Քանի որ այդ դեպքում բացարձակապես անտրամաբանական ու անիմաստ են դառնում կազմակերպվող ակցիաները: Եթե չկա գործողությունների տարբերակներ, համակարգողները չունեն հաջորդական ծրագիր ու ուղիներ՝ հրաձգության պարագայում գործելու համար, ուրեմն նրանք չպետք է համակարգեն ակցիաները, քանի որ նրանց առաջնային ֆունկցիան ոստիկանության կողմից ուժի կիրառման դեպքում համապատասխան գործողությունների իրականացումն է, ըստ որում խաղաղ գործողությունների:

Այսպիսով՝ կամ ակցիայի համակարգողները միտումնավոր են մարդկանց ուղարկել տուն, կամ պարզապես չեն իմացել ինչ անել: Երկու պարագայում էլ սա մի տեսակ դավաճանություն կամ նավազագույնը՝ անփութություն է եղել թե՛ Սասնա Ծռերի, թե՛ հավաքված ժողովրդի նկատմամբ: