Բժիշկ. Պավել Մանուկյանի որդին ինքնուրույն է շնչում, հոր վիճակը ծանր է


12:59 , 27 հուլիս, 2016

Բժիշկ. Պավել Մանուկյանի որդին ինքնուրույն է շնչում, հոր վիճակը ծանր էՀայր և որդի Պավել և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, իսկ վիրավորված ոստիկանի վիճակը` միջին: Այս մասին լրագրողներին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի ղեկավար Հարություն Մանգոյանը:

Ըստ Մանգոյանի՝ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի մոտ դրական փոփոխություններ կան. մեկ ժամ առաջ անջատվել է արհեստական շնչառության սարքը, ունի պարզ գիտակցություն:

Իսկ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա շնչում է արհեստական շնչառական ապարատի օգնությամբ: Մանուկյանն ունի փափուկ հյուսվածքների հրազենային վնասվածքներ, սակայն նա, ըստ բժշկի, դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված:

Հարցին՝ նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Հարություն Մանգոյանն ասել է, որ եթե վերակենդանացման բաժանմունքում է, ուրեմն սպառնում է: Իսկ հարցին հնարավոր է Պավլիկ Մանուկյանին նոր վիրահատության ենթարկեն, պատասխանել է. «Հուսով ենք, որ ոչ»: