Բժշկական հանրությունը դատապարտում է զինյալ խմբի կողմից բժիշկների պատանդ վերցնելու անբարո քայլը. հայտարարություն


12:25 , 27 հուլիս, 2016

Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ:  

Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի:

Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին»: