Մահմուդ Ահմադինեժադի վարկանիշն Իրանում օրեցօր աճում է


11:37 , 26 հուլիս, 2016

Իրանում երկրի գործող նախագահ Հասան Ռուհանիի վարկանիշի անկումը ուղիղ համեմատական է ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարկանիշի աճի հետ: Մերիլանդի համալսարանը, ինչպես անցած տարի, այս տարի ևս անցկացրել է հարցում հետևյալ թեմայով. «Եթե այսօր ընտրություններ տեղի ունենային, Հասան Ռուհանիին կընտրեի՞ք, թե Մահմուդ Ահմադինեժադին»:

Հարցման արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ Մահմուդ Ահմադինեժադը իր վարկանիշով ընդհուպ մոտեցել է գործող նախագահին` զիջելով վերջինիս ընդամենը 8%-ով: Հարցվածների 45%-ը պատրաստ է եղել քվեարկել հօգուտ Ռուհանիի, իսկ 37%-ը` հօգուտ նախկին նախագահի:
Համեմատության համար պետք է ասել, որ ըստ նույն համալսարանի` անցած տարի անցկացրած հարցման արդյունքների` Ահմադինեժադը զիջում էր գործող նախագահին 26%-ով, քանի որ հարցվածների միայն 27%-ն էր ցանկություն հայտնել քվեարկել նախկին նախագահի օգտին, այն դեպքում, երբ Հասան Ռուհանիի պատրաստ էին եղել ձայն տալ հարցվածների 53%-ը:

Հ.Գ. 5+1 խմբի հետ Իրանի ձեռք բերած միջուկային համաձայնության պայմանների չիրականացումը ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ինչքան երկար շարունակվի, Հասան Ռուհանիի վարկանիշն այնքան ավելի է ընկնելու` բնականաբար, ի վերջո հետ մնալով Մահմուդ Ահմադինեժադից: Նշված դեպքում հարցմամբ արձանագրված միտումը պահպանվելու է: