Օլիմպիական հավաքականի առաջին խմբի մարզիկները մեկնեցին Ռիո դե Ժանեյրո


17:30 , 25 հուլիս, 2016

Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի առաջին խումբն այսօր կեսգիշերին ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներից՝ լողորդները, ծանրորդները և աթլետներն ուղևորվել են Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով: Ծանրորդների թիմը գլխավորում է հավաքականի գլխավոր մարզիչ` Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն` աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ` Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չմեկնեց Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ:

Հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու էին եկել մարզիկների հարազատները և բարեկամները:

Հայ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո կմեկնի արդեն հուլիսի 26-ի գիշերը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

«Մենք լիահույս ենք, որ ազգային օպերատորի աջակցությամբ Ռիո մեկնած ազգային օլիմպիական հավաքականն օգոստոսի վերջին ոսկե մեդալներով ծանրաբեռնված կվերադառնա Հայաստան», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցման բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։