Գեներալն ու պատգամավորը հայտնվեցին խաղից դուրս


15:59 , 24 հուլիս, 2016

Վերջին օրերին հանրության ուշադրությունը սևեռված է միայն մեկ ուղղությամբ. բոլորը հետևում են ՊՊԾ գնդի մերձակայքում տեղի ունեցող դեպքերին: Նշեմ, որ դեպքի վայրում իրադարձությունները զարգանում են երկրաչափական պրոգրեսիայով: Զարգացումների հերթական կուլմինացիան տեղի ունեցավ երեկ, երբ գեներալ Վիտալի Բալասանյանը երկօրյա բանակցություններից հետո կարողացավ կազմակերպել զինյալների մոտ գտնվող ոստիկանների ազատ արձակումը, այնուհետև գնդի տարածքից կազմակերպվեց ուղիղ եթեր: Մինչ այդ գեներալ Բալասանյանը լուծել էր նաև գնդի տարածքում սննդի հարցը, որն այդքան շահարկվում էր Խորենացի փողոցի ցուցարարների կողմից:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ գեներալ Բալասանյանը, ով միանշանակ անընդհատ խաղաղության հորդորներ էր անում, հայտնեց, որ Սեֆիլյանի հետ հանդիպել է և իմացել, որ նա հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Պահանջում են միայն քաղբանտարկյալների ազատ արձակում: Ավելի ուշ արդեն Խորենացի փողոցում Ալեք Ենիգոմշյանը հերքեց Բալասանյանի տեղեկությունը, այն անվանելով սուտ: Որոշ ժամանակ ՊՊԾ գնդում գտնվող Վարուժան Ավետիսյանը ԶԼՄ-երին փոխանցել էր, որ Վիտալի Բալասանյանն այլևս իրենց համար միջնորդական առաքելություն չի իրականացնելու.

Պետք է նկատելի որ, Բալասանյանի միջորդական ջանքերն ուղղված էին ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը: Ստացվում է մի իրավիճակ, որ ասես գեներալն օգտագործվեց խնդրին որոշակի իրավիճակային լուծում տալու համար, այնուհետև համարվեց խաղից դուրս: Դրան գումարած մամուլի որոշ ներկայացուցիչներ սկսեցին նրա հասցեին վիրավորկան հրապարակումներով հանդես գալ:

Գեներալի շուրջ ստեծված իրավիճակը բավականին նման էր Նիկոլ Փաշինյանի` Խորենացի փողոցում վերջին օրերին ծավալած գործունեությանը, որը շատ արագ կասեցվեց Սասնա ծռեր գնդի և նրանց համախոհների կողմից: Նիկոլը դեռևս հուլիսի 17-ին առաջիններից էր, ով նախ եղավ ՊՊԾ գնդի տարածքում, այնուհետև ամեն կերպ իր ելույթներում կոչ էր անում զերծ մնալ արյունահեղությունից և սթափության կոչ էր անում կողմերին: Ցանկացած լարված մթնոլորտում պատգամավորը կարողանում էր իրեն հատուկ հնարքներով մարդկանց զսպել և հորդորել խաղաղ պայքարի: Սակայն դեպքերի ընթացքը Նիկոլի համար այլ եղան: Երեկ երեկոյան զինյալները գնդի տարածքից հայտարարեցին, որ Խորենացիում հավաքվածներին չպետք է ուղղորդեն քաղաքական ուժերը: «Ոչ ոք իրավունք չունի առիթն օգտագործելու, ինչ-որ անձնական կամ կուսակցական շահին ծառայեցնելու»,- ասել է Ավետիսյանը: Փաշինյանին և մյուս քաղաքական գործիչներին հորդորել է գործել ազգային ազատագրական պայքարի շրջանակներում:

Հարկ է տվյալ իրավիճակում փաստել, որ չի բացառվում, որ գեներալին և Նիկոլին խաղից հանեցին ու այս պահին նրանց վարկաբեկելու գործըթաց են սկսել այն ուժերը, որոնք հակված չեն խնդրի խաղաղ լուծմանը: