Խորենացու փողոցից բերման ենթարկված քաղաքացուն ոստիկանության բաժնից պատգարակով են հոսպիտալացրել (լուսանկարներ)


17:20 , 21 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են, որ ոստիկանություն-ցուցարարներ երեկվա բախումներից հետո բերման ենթարկված մի երիտասարդի բաժնից դուրս են հանում պատգարակով ու «Շտապօգնության» բժիշկների  օգնությամբ:

«Մասիվի քաղմասից Անտոնյան Ահարոն անունով մի տղու հանեցին «նասիլկով» ու տարան: Գիտակցությունը տեղն էր, բայց մեջքն էր բռնել ու ձայն չէր հանում»,- գրել է ՔՊ անդամը:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Ահարոն Անտոնյանը վնասվածքներ էր ստացել մինչև բաժին հասնելը, այնտեղ ասել է, որ մեջքի շրջանում ցավերը սաստկացել են, ինչի համար կանչ է եղել «Շտապօգնություն» և երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան  «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել ոստիկանության հետ բախումներից տուժած 20 անձ, որոնցից 16-ը ոստիկան, 4-ը`քաղաքացիական  անձ: 

Նշենք նաև, որ գիշերվա ընթացքում Խորենացի, Տիգրան Մեծ, Նար-Դոս փողոցներից բերման է ենթարկվել 136 անձ։

Հիշեցնենք, որ Երևանի Խորենացու փողոցից, որտեղ գտնվող Ոստիկանության պարեկապահակային գունդն արդեն 5-րդ օրն է, ինչ գրավել են «Սասնա ծռեր» խմբավորման զինված անդամները, որոնք պահանջում են ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ