Կանանց փեշի տակ թաքնվող «պատգամավորները»


15:15 , 30 հունիս, 2016

Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստն անցավ շատ թեժ մթնոլորտում: Պատճառը՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքն էր, որը ուղված էր որոշ չակերտավոր ընդդիմադիրների, ովքեր վերջին ժամանակներս անհաջող փորձեր են անում իրենց դաշտում դոմինանտ երևալու և իրական ընդդիմություն խաղալու ուղղությամբ: Գլոբալ առումով Փաշինյանն խոսել է մի բանի մասին, որը վաղուց էր հայտնի ուղղակի ԱԺ ամբիոնից չէր բարձրաձայնվել: Փաշինյանի ասածն ավելի շուտ փաստի արձանագրում էր, քանի որ բոլորը գիտեին երեկվա՝ Նիկոլ Փաշինյանի «վիպակի» չար ու բարի հերոսներին:

Նիկոլ Փաշինյանը քննադատեց ՕԵԿ-ին և ԲՀԿ-ին, որոնք իշխանական կերակրատաշտից օգտվելու նպատակով անցնում են բարոյական բոլոր սահմանները: Դրան ի պատասխան Զոհրաբյանն ու Բիշարյանը հանդես եկան հակադարձող ռեպլիկներով ու ելույթներով:

Այսքանից հետո լավ կլիներ, եթե այդ կուսակցությունների տղամարդիկ լռեին, քանի որ իրենց քաղաքական ուժերին ուղված պորտատեղադրող ելույթին պատասխանեցին միայն կանայք: Բայց արի ու տես, որ կանանց պես սկսել են բամբասել, թե Նիկոլը տղամարդկություն չունի և կարողանում է նման կերպ խոսալ միայն կանանց հետ: Ու ամենազավեշտալին այն է, որ սա ասում են ԲՀԿ-ականներն ու ՕԵԿ-ականները:

Ինչպես կարելի է խոսել տղամարդկությունից, եթե մարդ թաքնված է կնոջ փեշի տակ: Ինչպես կարելի է խոսել տղամարդկությունից, եթե քաղաքական ուժի ամենատղամարդը կին է:
Լավ կլինի, եթե ՕԵԿ-ականներն ու ԲՀԿ-ականները տղամարդկություն ունենան իրենց ֆրակցիաների ղեկավարների մոտ քիչ մը արու երևան: Հակառակ դեպքում քաղաքական էգի կերպարի միջից դուրս չեն գա: