Տավուշի մարզպետն ապացուցեց պետական համակարգում իր ավելորդ լինելը


00:14 , 15 հունիս, 2016

Այսօր տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա լրատվամիջոցներին տված հարցազրույցում կողմ է արտահայտվել համայնքների խոշորացման ծրագրին, ապա լրագրողի դիտարկմանը, թե գյուղապետերից մեկն իր դժգոհությունն է արտահայտել նշված ծրագրի հետ կապված, Հ. Աբովյանը ոչ ավել ոչ պակաս արձագանքել է.

«Այս գյուղապետը չի կարողանում իր աշխատողի աշխատավարձը տա, չի հասկանում, «Дурак» լակոտ ա: Պաշտպանության նախարարությունն ամեն տարի իրենց ամբողջ գյուղի հոսանքի փողը տվել է, ամբողջ գյուղի փողը վճարել է Օհանյան Սեյրանը: Տվել է տարբեր ձեւի տեխնիկա՝ Ուրալ եւ այլն: Ամեն գյուղացու երեք հատ ոչխար բաժանեցին, մի ամիս հետո սաղ ծախեցին»:

Ի դեպ, խոսքը Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանի մասին էր: Վերջինս տեսակետ էր հայտնում, թե Բարեկամավանում այդ ծրագիրը հաջողություն չի ունենա և խնդրում էր ԱԺ-ին չընդունել այդ օրենքը:

Այստեղ պետք է հիշել, որ սա այն մարզպետն է, ով եկեղեցում սրբապատկերի փոխարեն պատվիրել էր իր դեմքը քանդակել: Եվ այդ խայտառակությունը մարսած Աբովյանը հիմա էլ այնպիսի լեքսիկոնով է արտահայտվում Բարեկամավանի համայնքապետի մասին, որ արդեն հետաքրքիր չի էլ դառնում թե այդ համայնքապետը գյուղի ղեկավարման գործում ուներ թույլ տված սխալներ, չուներ… ինչն էր ճիշտ ասում, ինչը՝ ոչ:

Պարզապես պետք է ընդգծել ևս մեկ մարդու անուն՝ Հ. Աբովյան, որն ավելորդ է պետական ապարատում: