Հայաստան-Եվրամիություն միջև բանակցվող փաստաթուղթը դեկլարատիվ բնույթ չի ունենա: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Ըստ նրա, եթե մշակվող նոր փաստաթուղթը դեկլարատիվ լիներ, ապա բանակցությունները շատ արագ կավարտվեին: Կարեն Նազարյանն ասաց, որ փաստաթուղթը ներառելու է քաղաքական երկխոսության, արդարադատության, բարեփոխումների, առևտրի ու ներդրումների մասին դրույթներ:
- Ինչպե՞ս են ընթանում Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին բանակցվող փաստաթղթի մշակման աշխատանքները: Եթե չենք սխալվում, բանակցային երեք փուլեր արդեն ավարտվել են, այդպե՞ս է:
- Այո՛, առաջընթաց կա քաղաքական երկխոսության բաժնում, ոլորտային համագործակցության, ինչպես նաև՝ առևտրի ու ներդրումների բաժնում: Բանակցային գործընթացն ընթանում է բանակցային երեք ուղղություններով, գոյություն ունի աշխատանքային երկու խումբ, որոնցից մեկը ղեկավարում է ԱԳ նախարարը, մյուսը՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ինչ վերաբերում է երեք ուղղություններով աշխատող թիմերին, ապա, կրկնում եմ, գրանցվել է բավական մեծ առաջընթաց: Անշուշտ, ընթացքում բախվում ենք որոշակի մոտեցումների հետ, բայց հուսամ, որ դրանք կհարթվեն, որովհետև ընդհանուր մթնոլորտը համագործակցային է, թափանցիկ:
- Դեռ որքա՞ն պետք է ընթանան բանակցությունները՝ անհամաձայնությունները հաղթահարելու համար:
- Դժվար է կանխորոշել: Որքան շուտ հասնենք համաձայնության՝ տարբեր դրույթների համաձայնության վերաբերյալ, այնքան դյուրին կլինի փաստաթուղթը կազմելու աշխատանքը: Որպես այդպիսին ժամկետ չկա:
- Քաղաքական երկխոսության բաժնում խնդիրներ չե՞ն առաջացել:
- Ո՛չ, նման հարցեր չկան:
- Չե՞ն առաջացել օրինակ հակասություններ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված:
- Ո՛չ: Խոսքը երկրորդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին է՝ ոլորտային համագործակցության, որտեղ մանրամասն քննարկվել է մեր պարտավորությունը ԵՏՄ անդամակցության շրջանակներում, այն համադրվել է ԵՄ հետ ձեռքբերված առաջընթացի հետ: Համատեղելի տարրերն ի հայտ են բերվել ու ամրագրվել:
- Պարոն Նազարյան, թեև բանակցություններն ամբողջապես չեն ավարտվել, բայց ներկայիս աշխատանքը գնահատելով, կարո՞ղ եք ասել՝ ի վերջո ինչպիսի փաստաթուղթ կստորագրվի Եվրամիության հետ:
- Դա կախված է կողմերի մոտեցումներից: Եթե դրսևորվի քաղաքական կամք, հնարավոր կլինի ունենալ համապարփակ շրջանակային փաստաթուղթ, որն իր խորությամբ ու էությամբ կբնորոշի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մակարդակը:
- Մտահոգություններ կան, որ նոր փաստաթուղթն ունենալու է դեկլարատիվ բնույթ՝ «և՛-և՛»-ի քաղաքականությունն արդարացնելու համար:
- Եթե դեկլարատիվ փաստաթուղթ լիներ, ապա շատ արագ կվերջացնեինք բանակցությունները: Փաստաթուղթը դեկլարատիվ չէ, բավական ընդգրկուն է, որն իր մեջ ներառում է քաղաքական երկխոսության, արդարադատության, բարեփոխումների, առևտրի ու ներդրումների մասին դրույթներ:
- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Եվրամիությունը շարունակում հետաքրքրվել Հայաստանով, առաջարկում նոր՝ ընդգրկուն փաստաթուղթ, ինչպես ասացիք, երբ Հայաստանը 4 տարի տևած բանակցություններից հետո չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը:
- Այդ հարցի պատասխանը հստակ տրվել է՝ Վիլնյուսում, ապա Ռիգայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովներում: Մենք երբեք չենք հրաժարվել ԵՄ հետ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն առաջ մղելու քաղաքականությունից: Պատրաստ ենք այդ համագործակցությունը խորացնել՝ հաշվի առնելով մեր պարտավորությունները միջազգային այլ կառույցներում: