Ես ու իմ գործընկերները հաճախ հարցեր ենք ստանում մոտավոր այս բովանդակությամբ.
«Իսկ Թուրքիայում էս իրադարձության կամ էն անձի, կամ էս երևույթի մասին ի՞նչ կարդանք, որտեղի՞ց գտնենք»։
Ու ամեն անգամ յուրաքանչյուր նման հարցում ստանալիս ու ընթերցանության նոր ցանկ կազմելիս ձևավորում է որոշակի համառոտ մատենագիտություն։ Էդ մատենագիտությունները որոշեցի դարձնել հանրային՝ ինչպես թյուրքագետ ու արևելագետ ուսանողների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակների համար։ Մատենագիտությունների այս շարքը բլոգումս կլինի մշտական՝ «Index Turcologica» անվան տակ։ Այն աշխատանքները, որոնք կան իմ անձնական գրադարանում, կարելի է ներբեռնել հենց բլոգի գրառումից։
Մատենագիտությունները կազմելիս ինձ օգնում են տվյալ թեմայով զբաղվող հայ ու արտասահմանցի մասնագետները։ Ուրախ կլինեմ լսել գործընկներիս դիտարկումները, բայց հիշեցնեմ, որ այս մատենագիտությունները չեն հավակնում լինել թեմայի ուսումնասիրության համապարփակ ցանկ, և նպատակ ունեն միայն նախնական դաշտ ստեղծել՝ հետագա ավելի խորը հետազոտություն ծավալելու համար։
Index Turcologica #1 | 1960թ. ռազմական հեղաշրջումը Թուրքիայում
1960 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ Թուրքիայի հանրապետության պատմության առաջին հեղաշրջումը՝ կատարված զինվորականության կողմից: Սրան մոտավորապես տասը տարի պարբերականությամբ պետք է հետևեին ևս երկու արյունալի զինվորական հեղաշրջումները, որոնցով էլ ընդունված է այսօր բաժանել հանրապետական պատմությունը երեք մասի՝ Առաջին հանրապետություն (1923թ.), Երկրորդ հանրապետություն (1960թ.), Երրորդ հանրապետություն (1980թ.-ից): Ի տարբերություն հետագայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումների, այս մեկը կազմակերպված էր ոչ թե ավագ սպայական ղեկավարության, այլ զինվորականության երիտասարդ սերնդի կողմից, ինչը երիտթուրքական ավանդույթի յուրատեսակ շարունակությունն էր։ Հեղաշրջման արդյունքում իշխող Ժողովրդավարական կուսակցությունը փակվեց, իսկ նրա առաջնորդները, այդ թվում երկրի նախագահ Ջելալ Բայարը և վարչապետ Ադնան Մենդերեսը դատապարտվեցին մահապատժի։ Հեղաշրջումից հետո ընդունված սահմանադրությունը ամենաժողովրդավարականներ էր Թուրքիայի հանրապետական պատմության մեջ։
Այսօր Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և հանրապետության նախագահ Ռ. Թ. Էրդողանի անձնական նախաձեռնությամբ 1960թ. հեղաշրջումը ակտիվորեն քննարկվում է թուրքական քաղաքական օրակարգում՝ որպես Թուրքիայի համար ամենամեծ ամոթներից մեկը, իսկ մահապատժի ենթարկված Ա. Մենդերեսը երբեմն կոչվում է շեհիթ և «սրբացվում է»։
Թյուրքագետ Տարոն Հովհաննիսյանի հետ մենք առաջարկում ենք 7 աշխատանք, որոնք արժե ընթերցել այս թեմայի մասին (գրքերը և հոդվածները ներբեռնելու համար սեղմե՛ք հղման վրա)։