Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ կընդլայնի «սև ցուցակը». ԼՂՀ այցելած բուլղարացի պատգամավորները կընդգրկվեն «անցանկալի անձանց» ցուցակում


16:26 , 26 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բուլղարիայի «Հայրենասիրական ճակատ» կուսակցության պատգամավորներն «ապօրինի» այցելել են Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Հաջիևը նշել է, որ այցն Ադրբեջանի հետ համաձայնեցված չի եղել, ինչը վկայում է այն մասին, որ «Բուլղարիայում ոմանք մտահոգված են Ադրբեջանի ու Բուլղարիայի բարեկամական հարաբերությունների զարգացմամբ»։

Նա հայտարարել է, թե բուլղարացի պատգամավորների անունները ճշտելուց հետո նրանք կներառվեն Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն «Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակը» հրապարակել էր 2013 թվականին։ Դրանում ներառված է ավելի քան 300 անուն՝ աշխարհի տարբեր երկրներից։