Քննարկվել են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթին ներկայացված հայտերը


11:01 , 26 մայիս, 2016
Մայիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և ՀԵՀ հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամները ՀԿ-ների ներկայացուցիչների ներկայությամբ քննարկել են դրամաշնորհային մրցույթին ստացված հայտերը։
Նշենք, որ մրցույթը հայտարարվել է երկու անվանակարգում՝ «Մերօրյա հերոսներ» և «Սահմանամերձ գյուղական
համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում»։ ՀԿ-ներից 21-ը դիմել
են «Մերօրյա հերոսներ», իսկ 17-ը՝ «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն
ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգերում։
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ ՊՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Վանիկ Մինասյանը կարևորեց հասարակական կառույցների հետ համագործակցությունը։ Ըստ պարոն Մինասյանի՝
և՜ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհները, և՜ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, մերօրյա հերոսների մեծարմանը, երիտասարդության շրջանում հայրենասիրական ոգու ամրապնդմանը։ Հանձնաժողովի անդամը հատկապես շեշտեց, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացվել են ապրիլյան դեպքերին մարտնչած և անմահացած զինվորականների հիշատակի և մեծարման ծրագրեր։
Մրցութային հանձնաժողովի առաջիկա նիստում հայտնի կդառնան դրամաշնորհի արժանացած կազմակերպությունները։