Արցախն այս պահին արդեն բավական անվտանգ տեղ է. Արտակ Բեգլարյանի՝ «#Եկ Արցախ» ֆլեշմոբին են միացել հայտնի մարդիկ


18:52 , 25 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը Facebook սոցիալական ցանցում ֆլեշմոբ է սկսել, որով հայությանը կոչ է անում արձակուրդի մի մասն Արցախում անցկացնել՝ բարոյական ու նյութական աջակցությունը ցուցաբերելու Արցախին՝ հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո:

«Ֆլեշմոբը մի քանի նպատակ է հետապնդում. առաջին հերթին, որ հայությունն իր ուշադրությունը նորից սևեռում է Արցախի վրա, դրանով ցույց է տրվում, որ հայությունը համախմբված է Արցախին աջակցելու հարցում»,- Tert.am-ին ասաց ակցիայի հեղինակ Արտակ Բեգլարյանը՝ շարունակելով, թե երկրորդն այն է, որ ցույց է տրվում, որ Արցախն այս պահին արդեն բավական անվտանգ տեղ է և ոչ մի խնդիր չկա, որ զբոսաշրջիկները կարող են գալ, մնալ, իրենց հանգիստն անցկացնել:

Հաջորդ նպատակն, ըստ Արտակ Բեգլարյանի, այն է, որ սոցիալական հարց է լուծվում, քանի որ սպասարկման ոլորտն Ադրբեջանի ագրեսիայից հետո բավականին ծանր վիճակի մեջ է հայտնվել։ Նրա խոսքով՝ շատերը բացասական ակնկալիք ունեն, հատկապես զբոսաշրջային ոլորտում:

«Որոշ բացասական միտումներ եղել են, որ զբոսաշրջիկների քիչ հոսք կլինի, այդ պատճառով կարող ենք գոնե մենք՝ հայերս, փոխարինել արտասահմանցիների մի մասին, ովքեր ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն գալու: Պետք է փոխարինենք և սպասարկման ոլորտին օգնենք, որպեսզի լուրջ կորուստներ չունենանք»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ ինչքան շատ լինեն զբոսաշրջիկները, այնքան խթան կլինի Արցախի տնտեսական զարգացմանը:

«Բնականաբար, մի նպատակ էլ կա, որ հնարավորինս շատ հայեր գան և Արցախը ճանաչեն, ծանոթանան բնակչությանը, տեսարժան վայրերին, Արցախի գանձերին, դրանով ավելի սրտացավ կլինեն Արցախի նկատմամբ»,- ասաց նախաձեռնության հեղինակը՝ ավելացնելով, թե կարծում է, որ սոցցանցերում մարտահրավերն ընդունողներն անպայման կայցելեն Արցախ:

Նշենք, որ ֆլեշմոբին միացել են մի շարք հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ, ովքեր սոցցանցում Արցախում արված իրենց լուսանկարն են տեղադրում՝ կոչ անելով արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում, կցելով  #Եկ Արցախ հեշթեգը: