Թուրքիան սպառնացել է կասեցնել ԵՄ-ի հետ կնքած միգրացիոն համաձայնագիրը


03:47 , 25 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կարգելափակի Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, եթե առաջընթաց չգրանցվի թուրք քաղաքացիների համար ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու  հարցում: 

«Եթե դա տեղի չունենա, Թուրքիայի խորհրդարանը ոչ մի որոշում և օրենք չի ընդունի անօրինական ներգաղթյալների հետընդունման համաձայնագրի շրջանակներում», -  BBC-ի փոխանցմամբ` հայտարարել է Էրդողանը Համաշխարհային  մարդասիրական գագաթնաժողովի փակմանը Ստամբուլում:

Նա նաև ընդգծել է, որ միջոցները, որոնք ԵՄ-ն խոստացել էր  փոխանցել Անկարային փախստականներին ճամբարներում վերաբնակեցնելու համար, դեռևս չեն ստացվել:

Մարտին ԵՄ-ի և Թուրքիայի ղեկավարությունները համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի կարգավորման սկզբունքները: Գործարքի շրջանակներում մարտի 20-ից  անօրինական ներգաղթյալները, որոնք Հունաստան էին ժամանում, պետք է հետ վերադառնային Թուրքիա:

Անկարան համաձայնել էր ընդունել փախստականներին`  ֆինանսական օգնություն ստանալու և ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման դիմաց: