Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ


23:15 , 24 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Գերմանական Kicker հեղինակավոր պարբերականը հարցում է անցկացրել Գերմանիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում՝ Բունդեսլիգայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստին ընտրելու նպատակով: Հարցման մեջ չեն ներառվել դարպասապահները:

Հարցմանը մասնակցած 235 ֆուտբոլիստների ձայների մեծամասնության արդյունքում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս հավաքել է ձայների 31,1 %-ը:


Այսպիսով, Մխիթարյանը կարողացել է շրջանցել Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն (22,1 %), գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերին (13,6 %) եւ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին (13,2 %),- տեղեկացնում է Transfermarkt-ը:


Հավելենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը դարձել է 11 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ: