22:32 , 24 մայիս, 2016
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը գտնում է, որ Թուրքիայի վարչապետի փոփոխությամբ Թուրքիայի տարածաշրջանային և ներքին քաղաքականության մեջ ինչ-որ էական փոփոխություններ չպետք է ակնկալել:
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն
հայտարարությանը, թե ավելացնելու են բարեկամների թիվը, իսկ թշնամիների թիվը՝ նվազեցնելու են՝ թուրքագետն ասաց, որ չի կարծում, որ նոր կառավարությունն էական փոփոխություններ կբերի:
«Ակնհայտ է, որ սա զուտ գործընթացներով պայմանավորված փոփոխություններ էր և որևէ անդրադարձ չի ունենա ներքին և արտաքին ոլորտների վրա, որովհետև հիմնական դերակատարը մնում է նախագահ Էրդողանը. հենց իր մոտեցումներով էլ շարունակվելու են քաղաքական ուղեգծերը: Չեմ ակնկալում, որ այս կառավարությունը կարող է կտրուկ փոփոխությունների գնալ կամ էական նոր նախաձեռնություններ ներկայացնել»,-ասաց նա:
Լևոն Հովսեփյանն ասաց, որ Յըլդըրըմը կլինի Էրդողանի գծի շարունակողը և որպես կամակատար:
«Ինչ-որ գործընթացներ կարող են լինել, բայց դա պայմանավորված չի լինի նոր կառավարությամբ կամ նոր վարչապետով»,-ասաց նա: