Եգիպտոսի դատաբժշկական փորձաքննության ծառայությունը հերքել է EgyptAir-ի ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը


20:16 , 24 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Եգիպտոսի դատաբժշկական փորձաքննության ծառայության ղեկավար Հիշամ Աբդել Համիդը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ իր աշխատակիցներն իբր հայտարարել են EgyptAir-ի կործանված ինքնաթիռում պայթյունի հետքեր գտնելու մասին. հայտնում է РИА Новости գործակալությունը։

Ավելի վաղ լրատվամիջոցները քննչական խմբի փորձագետ-անդամի հղումով տեղեկացրել էին, որ մնացորդների զննությունն ու փորձաքննությունը ցույց են տալիս, որ ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել։

«Դա ճիշտ չէ։ Եգիպական դատաբժշկական փորձաքննության ծառայությունից ոչ ոք նման հայտարարություն չի արել»,-ասել է Աբդել Համիդը։

Լրատվամիջոցների տարածած տեղեկությունները հերքել է նաև ինքնաթիռի աղետը քննող խմբի ներկայացուցիչը Ֆրանսիայում։ Նա նշել է, որ պայթյունի որևէ նշան դեռ չի հայտնաբերվել, սակայն անհրաժեշտ է նախ սպասել «սև արկղերի» հայտնաբերմանը։

EgyptAir-ի ուղևորատար А320 ինքնաթիռը, որ Փարիզից Կահիրե էր թռչում, ռադարների տեսադաշտից անհետացել էր մայիսի 19-ի առավոտյան։ Ավելի ուշ դրա մնացորդները հայտնաբերվել էին Միջերկրական ծովում՝ հունական կղզիներից ոչ հեռու։ Ինքնաթիռում եղել էր 66 մարդ՝ 56 ուղևոր ու անձնակազմի 10 անդամ։ Նրանք բոլորը զոհվել են։