Ուկրաինան չի հրաժարվի «Եվրատեսիլ- 2017»-ի անցկացումից. Գրոյսման


12:08 , 23 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ երկիրը չի հրաժարվի «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի անցկացումից:

«Դա բացառվում է: Ես կարծում եմ, որ դա մեզ համար մեծ պատիվ է... Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք «Եվրատեսիլը» պրոֆեսիոնալ մակարդակով անցկացնելու համար»,-ասել է  Գրոյսմանն ուկրաինական «1+1» հեռուստաալիքին:


Ավելի վաղ երկրի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է մրցույթի անցկացման իրավունքը փոխանցել մեկ այլ երկրի, քանի որ դրա կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը շատ մեծ են:
 

Մինչդեռ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, մեկնաբանելով Դանիլյուկի հայտարարությունը, ասել էր, որ մրցույթի անցկացման իրավունքը մեկ այլ երկրին փոխանցելը կլիներ «ազգային արժանապատվության նվաստացում»:


Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ- 2016»-ի հաղթող է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան, ով հայկական արմատներ ունի։


«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝  249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։