Սեուլը մերժել է բանակցություններ վարելու Փխենյանի առաջարկը. ԶԼՄ-ներ


08:50 , 23 մայիս, 2016

Հարավային Կորեան մերժել է Հյուսիսային Կորեայի առաջարկը՝ թերակղզում լարվածությունը թուլացնելու նպատակով ռազմական մակարդակով աշխատանքային հանդիպում անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյայի:

Վերջինս նշել է, որ հրաժարվելու պատճառը միջուկային զինաթափման հարցում Հյուսիսային Կորեայի իրական քայլերի բացակայությունն է:

«Եթե Հյուսիսային Կորեան իսկապես ձգտում է Հարավի հետ հարաբերությունների լավացման, ապա Փխենյանը պետք է կոնկրետ քայլերով հաստատի ապամիջուկայնացմանը հավատարմությունը»,- նշել է նա:

Պաշտոնյան հավելել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժը սպառնում է ամբողջ աշխարհին:

«Հյուսիսային Կորեան Հարավի վրա է դնում թերակղզում ռազմական լարվածության աճի պատասխանատվությունը, սակայն նրա միջուկային զինանոցը շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում խաղաղությանը և կայունությանը»,- ասել է նա: