Բանակի տոնը ոչ թե մեր երկրի անցյալը պղծած լֆիկների տոնն է, այլ մեր ժողովրդի


19:16 , 28 հունվար, 2013

Ինչ է ազգային բանակը մեր երկրի համար, որի չորս անմիջական հարևաններից երկուսը թշնամաբար են նրան վերաբերվում, բացատրությունների կարիք չունի: Այո, բանակի տոնը ոչ թե մեր երկրի անցյալը պղծած և ներկան սեփական բոստանի նման տնօրինող լֆիկների տոնն է, այլ մեր ժողովրդի, մեր բոլորիս տոնն է: Բանակը ոչ միայն ինքն իրեն է պաշտպանում, այլ պաշտպանում է մեզանից յուրաքանչյուրին: Պաշտպանում է նաև երեխաներին և ծերերին, ովքեր դեռ կամ արդեն չեն կարող ծառայել բանակում: Իսկ ընդհանրական իմաստով բանակը կոչված է պաշտպանել ազգի, երկրի ապագան, որի բանալին է առողջ երիտասարդությունը՝ առողջ ֆիզիկական և հոգևոր առումներով: 
Յուրաքանչյուր հայ երիտասարդի սրբազան իրավունքն է ծառայել Ազգային բանակում և իր առողջությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կյանքը նվիրաբերել Հայրենիքին: Ուրեմն բանակի Գերագույն գլխավոր հրամանատարը իրավունք չունի ցուցաբերել անտարբերություն գեթ մեկ երիտասարդի ճակատագրի նկատմամբ, ով մեր կոռումպացված սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլ համակարգերի արատավորվածության պատճառով զրկվել է առողջությունից և, որպես հետևանք, բանակում ծառայելու պատվավոր իրավունքից: 
Հայրենասիրական բարձր ճառերը առ ոչինչ են, եթե երկրի ղեկավարի տեսադաշտից դուրս է կոնկրետ հայ մարդը՝ իր ցավերով և հոգսերով: Նաև այն հիվանդ և դժբախտ երիտասարդը, ում ճակատագիրը զրկել է ազգային բանակում ծառայելու պատվաբեր հնարավորությունից: