Ինչպե՞ս 17-ամյա հայ տղան իրար խառնեց Եվրոպական հեռարձակողների միությանն ու ռուսական մեդիան՝ «Եվրատեսիլի» արդյունքները չեղարկելու պահանջով


18:15 , 20 մայիս, 2016

Exclusive

«Եվրատեսիլ 2016»-ը լի էր սկանդալներով. վերջին պահին Ռուսաստանին առավելագույն միավոր ստանալը, սակայն Ուկրաինային հաղթանակ շնորհելը մի շարք քննարկումների տեղիք տվեց։ Հայաստանցի 17-ամյա երիտասարդ Արթուր Հովհաննիսյանը իր դժգոհությունն արտահայտել էր պետիցիա կազմակերպելով։

Արթուրի նախաձեռնած ստորագրահավաքին այս պահին միացել է 381.830 մարդ տարբեր պետություններից։ Պետրիցիայի ալիքն այնքան մեծ էր, որ հասավ Եվրոպայի հեռարձակողների միությանը,  նրանք  քննարկեցին բողոքը, թեև արդյունքը դրանից չփոխվեց։ Ռուսական մեդիայում օրեր շարունակ քննարկվում է այս հարցը։

Blognews-ը գտել է պետիցիան նախաձեռնած 17-ամյա տղային։ Վերջինս ասաց, որ այս տարվա արդյունքները շատ հիասթափեցնող էին։ «Արդյունքներն ինձ ընդհանրապես դուր չեկան, ինձ թվաց, որ այս ամենն անարդար է։ Այդ աստիճանի աբսուրդային արդյունքներ ոչ մի տարի չէին եղել։ Ուկրաինայի երգն այն երգը չէր, որը կարող էր հաղթել այս տարի։ Կարող էին հաղթել Ավստրալիան, Ռուսաստանը, որոնց ներկայացուցիչները մրցույթի ֆավորիտներից էին, բայց ոչ Ուկրաինան»,- ասաց Արթուրը։

Եվրոպական հեռարձակողների միությանն ու ամբողջ ռուսական մեդիան իրար խառնած 17-ամյա տղային զայրացրել է հատկապես այն, որ երգն ուներ քաղաքական ենթատեքստ, սակայն Ուկրաինայի դեպքում դա նորմալ է, Հայաստանի դեպքում՝ ոչ։ «Հայերիս համար սա բավականին նուրբ թեմա է։ Մեր դեպքում երկրորդ տարին անընդմեջ կարելի է ասել «բզում» են այդ թեմայով. նախորդ տարի երգից հանեցին «1915» թիվը, այս տարի դրոշ բարձրացնելու համար Հանրայինին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացրին, իսկ Ուկրաինայի դեպքում ոչ միայն ոչինչ չարեցին, այլև կազմակերպեցին հաղթականը։ Այս երգը պատահաբար հաղթել չէր կարող»,- վստահ է Արթուրը։

Նա նշեց, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը շատ ավելի խիստ է, երկրորդ տարին է՝ խտրականություն է դրվում։

Անդրադառնալով պետիցիայի արդյունքներին՝ Արթուրը նշեց, որ ընդհանրապես չէր սպասում, որ այսպիսի արդյունք կլինի։ «Առաջին օրն ընդամենը 6-7 հոգի էր ստորագրել, հաջորդ առավոտյան արթնացա, տեսա՝ արդեն 10.000 ստորագրություն կա։ Դա էլ է խոսում այն մասին, որ արդյունքներից շատերն են դժգոհ։ Եթե այսպես շարունակեն, այդքան մարդու իրենք կորցնում են մրցույթի երկրագուներից»,- ասաց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի