Այո՛, մի քայլ առաջ են նրանք, ովքեր զինվոր լինելու բախտ են ունեցել...


17:03 , 28 հունվար, 2013

Էսօր ընկերներիս մեծ մասի մոտ նկատեցի իրենց բանակային նկարները: Սոց. ցանցերում համատարած բանակային յուրօրինակ ֆլեշ-մոբ ոնց որ լինի... Ու ես էլ միացա էդ ակցիային... Ու մի բան պարզ էր, թե ի՜նչ հպարտություն ապրեցի, երբ գիտակցեցի, որ ես էլ եմ լիիրավ մասնիկն այսօրվա, որ մի քայլ առաջ եմ, մի աստիճան բարձր... Այո՛, բարձր եմ, ու բարձր ենք բոլորս, ովքեր զինվոր լինելու բախտ են ունեցել, ովքեր կարոտել են, տխրել, նամակ են գրել, օրեր հաշվել, արձակուրդ են եկել ու անակնկալ արել ծնողներին, ովքեր սիրահարված սպասել են ու սպասեցրել, ովքեր տղայական պոռթկումներով ու գժությամբ կռիվների մեջ են ընկել ու հետո վերջին հացը կիսել ծեծող-ծեծվողների հետ, ովքեր ապրել են բանակից տուն գալու աննկարագրելի բերկրանքը ու պարգևել են իրենց ծնողներին զինվոր-տղա ունենալու երջանկություն: Այո՛, առաջ ենք, բարձր, որովհետև մենք գնացել ենք մեր նախնիների հետքերով` մեր պապերի, որ մեզ ավանդեցին էս մի բուռ հայրենիքը, մեր հայրերի ու եղբայրների, որ պահպանեցին այն, չենք թաքնվել մոր փեշի տակ կամ հոր դրամապանակի հետևում...
Այո՛, մեր բանակը կատարյալ չի, ինչպես և մեզանից յուրաքանչյուրն է անկատար, ու չի կարող մի կառույց լինել կատարյալ, որը հենվում է անկատար մարդկանց վրա... 
Շնորհավորում եմ ամենքիս ու յուրաքանչյուրիս, էն սպաներին, ովքեր նախ և առաջ փայլում են մարդկային որակներով ու գիտակցում ամեն զինվորի կարևորությունը մեր երկրի ու ազգի համար, մեծ երախտագիտությամբ շնորհավորում եմ ռազմական էն բուժաշխատողներին, ովքեր, եթե, Աստված մի արասցե, պետք է, անձնուրաց պայքարում են յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, և մեծագույն խոնարհմամբ շնրոհավորում եմ բոլոր էն զինվոր տղերքին, ովքեր գիտակցում են իրենց կոչման ողջ խորությունն ու վեհությունը, ովքեր նաև գիտեն իրենց ազգակից-զինվորի արժեքը...
Շնորհավո՜ր, երիցս շնորհավո՜ր...

(Հ.Գ. Շնորհակալություն Քրիստինեին էս հրաշալի երգի համար)