Կառավարությունը հաստատել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացությունը, ոչ թե օրինագիծը. պարզաբանում


16:10 , 5 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին, նշեց, որ այդտեղ պարզաբանման անհրաժեշտություն կա:

«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումների՝ պարզաբանում եմ, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։

Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»,-տեղեկացրեց Գոհար Պողոսյանը: