ՆԱՏՕ-ն դիտարկում է Եվրոպայի արևելքում 4 գումարտակի տեղակայման հնարավորությունը. Պենտագոնի ղեկավար


10:36 , 3 մայիս, 2016

ՆԱՏՕ-ն դիտարկում է Արևելյան Եվրոպայում 4 գումարտակների տեղակայման հնարավորութունը՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Քարթերի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի մեջ է մտնում Բալթյան երկրներում և Լեհաստանում զորակազմի տեղակայումը։

«Դա հնարավորություններից մեկն է, որ հիմա քննարկվում է»,- ասել է Քարթերը լրագրողներին՝ հրաժարվելով ներկայացնել այլ մանրամասներ։

Ինչպես նշում է Reuters գործակալությունը՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, որոնք միացել են բլոկին 2004 թվականին, դիմել են իրենց տարածքում Ռուսաստանից եկող սպառնալիքի հակազդման համար հավելյալ զորակազմի տեղակայման խնդրանքով։

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մայիսի 2-4-ը այցով կգտնվի Գերմանիայում։ Պենտագոնի տվյալներով՝ նա մասնավորապես հանդիպում կանցկացնի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայի մեջ մտնող երկրների պաշտպանության նախարարների հետ։