ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել հետաքննություն սկսել Ադրբեջանի դեմ՝ ԼՂ-ում մարդու իրավունքների խախտման առնչությամբ


21:45 , 29 ապրիլ, 2016
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովի անդամ Լորետա Սանչեսը կոչ է արել «Լիհիի օրենքը» խախտելու համար հետաքննություն սկսել Ադրբեջանի նկատմամբ, որը, ամեն տարի միլիոնավոր դոլարներ ստանալով ԱՄՆ-ից՝ որպես ռազմական օգնություն, մարդու իրավունքների  խախտումներ է թույլ տվել ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ գործողությունների շրջանակներում:
 
Այս մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը: Ազգային պաշտպանության օրենքի համաձայն՝ հինգշաբթի կայացած լսումների ընթացքում ներկայացուցիչ Սանչեսն ընդգծել է, որ ինքը հավաստի վերլուծություն է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են թույլ տվել:

«Հուսով եմ, որ մարդու իրավունքների այդ կոպիտ խախտումները  կուղորդեն մեր պաշտպանության նախարարությանն ու Պետքարտուղարությանը համագործակցել մարդու իրավունքների հնարավոր խախտումների շուրջ հետաքննություն անցկացնելու: ԱՄՆ-ն պետք է հետաքննության ընթացքում ուշադրություն դարձնի, թե արդյող ադրբեջանական զինուժը խախտել է «Լիհիի օրենքը», թե՝ ոչ», - ասել է Սանչեսը: